Հայ հասարակության մեջ ամեն 4-րդ բնակչից մեկը ունի որեւէ ֆոբիա, եւ տարեցտարի այս խնդրով հոգեբաններին դիմողների թիվը ավելանում է:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Սամվել Խուդոյանը:

Ֆոբիան հունարեն ֆոբոս բառից է, որ նշանակում է վախ: Հոգեբանի սահմանմամբ`ֆոբիան իռացիոնալ, անտրամաբանական վախն է, այսինքն` պատճառ չկա, բայց մարդը վախենում է, իսկ սովորական վախն այն է, երբ դու գիտես, թե ինչից ես վախենում: Ժամանակակից հոգեբանությունը տարբերում է երեք տեսակի ֆոբիաներ՝ սոցիալական (շրջապատի մարդկանց հետ կապված վախեր. օրինակ՝ վախ մարդկանց դիմաց ելույթ ունենալուց կամ մարդկանց հետ շփվելուց), ինչ-որ կոնկրետ առարկաների հետ կապված ֆոբիաներ (նման մարդիկ կարող են վախենալ ինչ-որ հիվանդությամբ վարակվելուց, ծաղրածուներից, շներից կամ ինչ-որ այլ բաներից) եւ ագորաֆոբիա (տանից կամ այլ «ապահով» տեղից դուրս գալու վախ): Ֆոբիաների թիվը տարեցտարի ավելանում է: Սամվել Խուդոյանի խոսքով` հայ հասարակության մեջ ամենատարածված «վախը» մահվան ֆոբիան է, շատ են նաեւ ֆոբիաները` սիրտ-անոթային հիվանդություններից, քաղցկեղներից, սուր առարկաներից, խեղդվելուց եւ այլն, այս բոլորի հիմքում ընկած են ենթագիտակցական պատճառները:

»Ֆոբիաները ազգային հատուկ առանձնահատկություններ չունեն, բոլոր ազգերի մոտ էլ կարող են հանդիպել, ազգային ֆոբիաներ չկան»,- ասաց նա: Տարբեր տարիքային խմբերում կարող են լինել ամենատարբեր ֆոբիաներ: Փոքր հասակի երեխաները ամենաշատը վախենում են մթությունից եւ մենակությունից, դպրոցական տարիքում ի հայտ են գալիս դպրոցական վախերը, երեխան վախենում է  2 ստանալուց, դպրոց գնալուց, ստուգողական գրելուց, ծնող կանչելուց եւ այլն: Դեռահասության տարիքում ավելի շատ հանդիպում են ֆոբիաներ` արտաքին տեսքի փոփոխությունների հետ կապված, օրինակ` վախենում են, որ քիթը մեծ է, սեռական օրգանները տգեղ են, արտաքինը գեղեցիկ չէ եւ այլն: Երիտասարդների մոտ ավելի հաճախակի հանդիպում ես վեներական հիվանդություններով վարակվելու ֆոբիան, գժվելու վախը եւ այլն: Ավելի հասուն տարիքում տարածված են հիվանդություններից եւ մահվանից ֆոբիաներ, հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես տատիկ, պապիկները, անընդհատ գրքերը  ձեռքներին, կարդում եմ դեղերի մասին եւ անպայման պարտադրում, որ այդ ամենը փորձեն, որպես չմահանան կամ ինչ-որ հիվանդությամբ չվարակվեն: Որոշ տեսաբաններ վախերի մեծ մասը բխեցնում են մահվան վախից, բայց,նրա կարծիքով, բոլոր վախերը չեն, որ կապվում են մահվան վախի հետ:

Հոգեբանը նշեց, որ հայ հասարակության մեջ ֆոբիաները ի հայտ են գալիս հավասարապես թե կանանց, թե տղամարդկանց մոտ: «Տղամարդիկ հոգեբանի քիչ են դիմում, քիչ են խոսում այդ մասին, բայց շատ ավելի վախկոտ են շատ հարցերում, քան աղջիկները»,- նշեց նա: Ամենաշատ ֆոբիաները կարող են ի հայտ գալ դեռահասության տարիքում, բայց դա մեծապես կախված է անձի տեսակտից: Սամվել Խուդոյանի խոսքով` ֆոբիաների հակում ունեն տագնապային, կպչուն, սեւեռված մարդկանց մոտ:

Ըստ որում` ֆոբիաները հանդիպում են եւ առողջ, եւ հիվանդ մարդկանց մոտ, կան նաեւ մարդիկ, ովքեր ընդհանրապես ֆոբիա չունեն:

Կան ֆոբիաներ, որոնք մարդիկ ձեռք են բերում եւ ժամանակի ընթացքում էլ անցնում, է, բայց կան նաեւ մարդիկ, որոնք տարիներ շարունակ ապրում են ֆոբիայով: «Ֆոբիան հիմնականում ծնվում է ուժեղ տպավորությունից, բայց այդ իրադարձությունը արտամղվում է, գիտակցության մեջ այն չի մնում, եւ դրանից հետո մարդը սկսում է ինչ-որ բանից վախենալ, եւ զուգորդություն է առաջանում առաջնային իրադարձության հետ»,- ֆոբիայի «ծնունդը» այսպես բացատրեց հոգեբանը:

Սամվել Խուդոյանի խոսքով `շատ հոգեկան հիվանդությունների հիմքում առկա են ֆոբիաները, բայց դրանք կարող են նաեւ հիվանդություններից դուրս լինել:

«Ֆոբիան ինչքան անտրամաբանական է, այնքան ավելի հիվանդությունը ավելի ծանր է, եւ որքան ավելի մոտ է տրամաբանությանը, այնքան ավելի թեթեւ դեխքի հետ գործ ունենք»,- ասաց նա:

Սամվել Խուդոյանի խոսքով`  ֆոբիաները ծանր ազդեցություն են ունենում մարդու հոգեկան աշխարհի եւ առողջության վրա, տառապանք են պատճառում, դրանց պատճառով մարդը սկսում է ապրել ոչ լիարժեք կյանքով: Նա բազմաթիվ դեպքեր պատմեց իր պրակտիկայից, երբ, օրինակ, մարդու մոտ ֆոբիա էր առաջացել, քանի որ իրեն անվանել էին հորաքրոջ անունով, ով մահացել էր Վերջին զանգի երեկույթի ժամանակ, եւ այլն: Կամ երբ քաղաքացին մահվան ֆոբիայով ապրել էր մինչեւ 60 տարեկան, քանի որ նա զույգ երեխաներից մեկն է, իսկ մյուսը մահացել էր:

Ամփոփելով` Սամվել Խուդոյանը կոչ է անում չապրել եւ չտառապել ֆոբիաներով, ձերբազատվել դրանցից: Իսկ ձերբազատվել կարելի է` դիմելով մասնագետի, հասկանալով ֆոբիայի էությունը, ծագումը, կամ էլ զբաղվելով «ինքնաբուժմամբ», մասնավորապես ֆոբիայի համար լավագույն բալասանը ինքնաներշնչանքն է «Սկզբից քեզ հասցնում ես ռելաքսիացիոն վիճակի, օրինակ` միացնում ես հաճելի երաժշտություն, ապա պատկերացնում ես այն, ինչ քեզ վախեցնում է, եւ եթե հանկարծ վախ է առաջանում, նորից դիմում ես ռելաքսացիայի, այդպես ներշնմամբ կարելի է հաղթահարել թեթեւ ֆոբիաները»,- ասաց նա:

Պատրաստեց` Միլենա Ներսիսյանը