ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի երեւանյան հանդիպումը բավականին երկար է տեւել եւ նախարարների իսկ խոսքով, անցել է լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում։

Ինչպես նշել է Է. Նալբանդյանը, ջերմ եւ բարեկամական մթնոլորտում ռուս գործընկերոջ հետ իրենք քննարկել են երկկողմ ծրագրեր կյանքի կոչելու գործընթացը եւ գոհ են մնացել արդյունքներից։ «Մենք քննարկել ենք նաեւ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաեւ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Ես երախտագիտություն եմ հայտնել իմ ռուս գործընկերոջը՝ Հայաստանին երկարաժամկետ տրամադրված 500 մլն դոլար վարկի համար»,- նշել է Նալբանդյանը՝ շնորհակալություն հայտնելով նաեւ ղարաբաղյան հարցին կառուցողական մոտեցում ցուցաբերելու եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։

Լավրովն իր հերթին ընդգծել է, որ Նոր տարում սա իր առաջին պաշտոնական այցն է, եւ շատ խորհրդանշական է, որ ինքն առաջինն այցելել է բարեկամ Հայաստան։ Նա ընդգծել է, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունն ամենաբարձր հիմքերի վրա է գտնվում։ Նախարարն իր գոհությունն է հայտնել ոչ միայն տնտեսական ու քաղաքական, այլ նաեւ ռազմական ոլորտի առնչությամբ. «Մենք սերտ համագործակցում ենք ռազմական, ինչպես նաեւ ՀԱՊԿ ոլորտում»,- հայտարարել է Լավրովը՝ նշելով, որ քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությանն առնչվող հարցեր։ Նա նաեւ հայտնել է, որ մեկ ամսից Հայաստանում ռուս-հայկական նորարարական կենտրոն կբացվի։ Համագործակցություն կծավալվի МГИМО-ի եւ Հայաստանի դիվանագիտական դպրոցի միջեւ։