Պատերազմի վերսկսման դեպքում հիմնական բեռը կընկնի բանակի վրա, սակայն «մենք պետք է լավ գիտակցենք, որ կպայքարի ամբողջ ժողովուրդը, եւ դա է հաղթանակի մեր երաշխիքը»։ Այս մասին հունվարի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով, 2009-ին ԼՂՀ Զինված ուժերին հաջողվել է լուծել իր առջեւ դրված խնդիրները եւ բարձրացնել ընդհանուր պատրաստվածության մակարդակը։ Իսկ ամենամեծ նվաճումը, ինչպես նա նշել է, եղել է այն, որ հակառակորդին ոչ մի անգամ չի հաջողվել ոտնձգությունների գնալ առաջին գծում։ Միեւնույն ժամանակ, նախարարի խոսքով, անցած տարվա համեմատ 30 տոկոսով ավելացել է կրակոցների թիվը ադրբեջանական կողմից։ Ընդհանուր առմամբ հակառակորդը զինադադարը խախտել է 3040 անգամ, այն դեպքում, երբ Պաշտպանության բանակը պատասխան կրակ բացել է ընդամենը 608 անգամ։ «Այսօր մեր զինվորներն առաջին գծում իրենց ավելի քան վստահ են զգում», նշել է ԼՂՀ պաշտպանության նախարարը։
Տանկային գունդը լավագույնն է ԼՂՀ Պաշտպանության բանակում. Պատվո դրոշը հենց այդ գնդում է։ «Տեխնիկական վերազինումը կշարունակվի նաեւ 2010-ին։ Դրան զուգահեռ կամրացվեն նաեւ առաջին գծի ինժեներական կառույցները»,- նշել է Մովսես Հակոբյանը։




























