Երեկ հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ չորս ակտիվիստների` Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի եւ Տիգրան Առաքելյանի գործով վճռի Վերաքննիչ բողոքը կքննարկվի սեպտեմբերի 28- ին, ժամը 12-ին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Ինչպես կանխատեսվում էր ավելի վաղ, մեծ աղմուկ հանած գործերով դատավարությունները նշանակվելու են միաժամանակ կամ իրար հետեւից, որ շեղեն հասարակական տարբեր շարժումների ու խմբերի ուշադրությունը եւ մասնատեն դրանք: Եվ ահա, հաջորդ շաբաթ տեղի է ունենալու միանգամից վեց աղմկոտ դատավարություն: Սեպտեմբերի 24-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` ժամը 15.00-ին տեղի է ունենալու «Հարսնաքարի» գործով դատավարությունը, հաջորդ օրը` սեպտեմբերի 25-ին` ժամը 12.00-ին նույն դատարանում մեկնարկելու է «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, ԶՈԻ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Նույն օրը նույն ժամին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է 2004-ին Բուդապեշտում կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբոր` Վահրամ Մարգարյանի դատավարությունը, իսկ ժամը 15.00-ին նույն դատարանում մեկնարկելու է «Բանդայի» գործով դատը: Սեպտեմբերի 28-ին էլ` ժամը 10.00-ին Կենտրոն եւՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Փուչիկների» գործով դատը, իսկ ժամը 12.00-ին, ինչպես արդեն հայտնեցինք` Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների գործով վերաքննիչ նիստը»,- գրում է «Հայկական ժամանակը»։