Հայաստանի նախագահ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ երկուշաբթի, հունվարի 18-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Պատասխանելով հարցին, թե համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանն այն լուրը, որ հունվարի վերջին հնարավոր է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացում, Ֆարմանյանը նշել է. «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, միջնորդական լուրջ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ, եւ Հայաստանը բարձր է գնահատում այդ ջանքերը: Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդական ջանքերով նման ձեւաչափով` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախկինում երկու հանդիպում տեղի ունեցել է: Քանի դեռ հակամարտությունն իր խաղաղ հանգուցալուծումը չի ստացել, բնական է, որ կարող են են տեղի ունենալ ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձին, այնպես էլ այլ ձեւաչափով նոր հանդիպումներ: Սրանում արտասովոր ոչինչ չկա, արտասովոր կլիներ հակառակը, եթե նոր հանդիպումներ չլինեին»:
Իսկ մինչ այդ, ըստ Ֆարմանյանի, նախագահ Սարգսյանը հունվարի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ երկու պետությունների ղեկավարները կշարունակեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կքննարկեն երկու ռազմավարական դաշնակից երկրների միջեւ փոխգործակցության տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: «Մոսկովյան այցի ընթացքում հնարավոր է, որ քննարկվի նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման հարցը»,- նշել է Ֆարմանյանը:
Ի դեպ, վերջինս հերքել է տեղեկությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների վերանայված տարբերակն արդեն ներկայացվել է պաշտոնական Երեւանին:




























