Հայաստանի բնակիչները չեն կարող հետեւել 2010թ.-ի առաջին արեգակնային խավարմանը, որ տեղի կունենա այսօր՝ հունվարի 15-ին։ այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանը։ Նրա խոսքերով, այդ տիեզերական երեւույթին հնարավոր կլինի հետեւել միայն Եվրոպայի հարավ-արեւելքում, Ասիայի եւ Աֆրիկայի արեւելյան մասերում, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ու Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածներում։

Միքայելյանը նաեւ նշել է, որ այսօրվա խավարումը լրիվ չէ, այլ օղակաձեւ է։ Նման դեպքերում Լուսինը Արեւին ծածկում է ոչ ամբողջությամբ, եւ Լուսնի եզրերից նշմարվում է Արեւի լուսավոր շրջագիծը։ Տվյալ դեպքում Լուսինը գտնվում է Երկրին ավելի մոտիկ եւ նրա կոնաձեւ ստվերը անցնում է Երկրի մակերեւույթի վրայով՝ չդիպչելով նրան։

Հիշեցնենք, որ Նոր տարվա գիշերը Հայաստանի բնակիչները հնարավորություն ունեցան հետեւել տիեզերական մեկ այլ հրաշալի երեւույթի՝ Լուսնի մասնակի խավարմանը։ Երկիրը ծածկեց Լուսնի տեսանելի սկավառակի հարավային հատվածի որոշ մասը։ Անցած 2009թ.-ին մենք ականատես եղանք 6 խավարումների՝ 2 արեգակնային եւ 4 լուսնային։