Դաղստանի Դերբենտում հայկական գերեզմանատունը խնամվածությամբ կարելի է համեմատել Կոմիտասի անվան պանթեոնի հետ: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 24-ին, հայտարարել է հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը`լրագրողներին պատմելով Հյուսիսային Կովկասում գիտական արշավի տպավորությունները:
Նրա խոսքով` պահպանված տապանաքարերը եւ դրանց մակագրությունները գիտնականներին ուսումնասիրման հարուստ նյութ են տվել: Այնուամենայնիվ, հավելել է նա, Դերբենտի հայերին անհրաժեշտ է Հայաստանի օգությունը` լեզուն եւ մշակույթը պահպանելու համար. համայնքի ուժերը բավարար չեն: «Այդ հարցում կարող է օգնել միայն Հայաստանը», – ընդգծել է Կարապետյանը:
Ցավոք, նշել է նա, Կիզլյարի գերեզմանատունը Դերբենտի գերեզմանատան հակապատկերն էր: Մտնելով` գիտնականները նկատել են, թե ինչպես թարմ գերեզմանի համար հայ համայնքը ձերբազատվել է հին քարերից: «Տասնյակ քարեր պարզապես իրար վրա էին լցված: Եւ բոլորի վրա հին մակագրություններ կային: Երբ մենք դրանք նկարահանում էինք, զայրացած ձայներ լսեցինք: Տեղացի հայեր էին: «Ո՞ւմ եւ ի՞նչ եք ուզում պատմել մեր մասին»: Ես պատասխանեցի. «Եթե գիտեք, որ վատ եք վարվում, ապա ինչո՞ւ եք հարցնում: Եւ ի՞նչ հիշատակ եք ակնկալում նոր հուշարքարերի համար` ավերելով հինը: Ի՞նչ օրինակ եք ծառայում ձեր թոռներին»: «Իրադրությունը հարթելու համար, ես ասացի, որ մեզ` որպես գիտնականների, հետաքրքրում է գերեզմանաքարերի պատմությունը, այլ ոչ թե նրանց ներկայիս վիճակը, չնայած դա եւս կարեւոր է», – հավելել է Կարապետյանը:
Բացի Դերբենտից, Կիզլյարից եւ Մախաչկալայից, հայ գիտնականները այցելել են նաեւ Դաղստանի մի քանի հայկական գյուղերի գերեզմանատներ եւ վանքեր: Շուտով գերեզմանաքարերի ուսումնասիրությանն առանձին աշխատություն կնվիրվի:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























