Երեւան քաղաքի բնակիչ 29-ամյա Ա.Մ-ն կնոջ՝ Տ.Ա-ի դեմ բռնություն գործադրելով եւ սպառնալիքներով ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ ու կնոջ ձեռքից վերցրել է մարմնավաճառությամբ վաստակած գումարները: Ավելին` Ա.Մ-ն սպառնացել է, որ եթե նա հրաժարվի զբաղվել մարմնավաճառությամբ իրենց անչափահաս երեխային կզրկի կյանքից: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ նույն հարկի տակ բնակվող փաստացի կնոջը՝ Տ.Ա-ին սեռական շահագործման ենթարկելու նպատակով, պարբերաբար, նրա կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն  է գործադրել: Բացի այդ իրենց անչափահաս դստեր՝ Անուշ Մ.-ի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, այն է՝ երեխային վնասելու,  կյանքից զրկելու խոստումներով, նաեւ կնոջը մայրական իրավունքից զրկելու սպառնալիքներով, պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ։ Ա.Մ-ը տաբեր օրերի, վերը նկարագրված բռնությունների սպառնալիքների գործադրմամբ, Տ.Ա-ին՝ իր կամքին հակառակ, մանկահասակ դստեր հետ միասին, տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Կիեւյան փողոց, որտեղ հաճախորդներ գտնելու համար կնոջը ստիպել է կանգնել ճամփեզրին, իսկ ինքը, մնալով տաքսու մեջ, վերահսկել է նրա պոռնկության շահագործումը, ապա ստացել ու ինքնուրույն տնօրինել մարմնավաճառությամբ վաստակած գումարները: Դատական հաջորդ քննությունը նշանակվել է հոկտեմբերի 1-ին:

29-ամյա Ա- Մ-ն  գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ –ում: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի  2-րդ մասի  4-րդ կետով` մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմաբ 7-12 տարվա ազատազրկմամբ: