Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններից հետո որեւէ լարված մթնոլորտ չկա, ամեն ինչ հանգիստ է, ամեն մեկը զբաղված է իր գործով:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի թիմակիցների` ավագանու ընտրություններում պարտվելուն, ապա մարզպետը նշեց, որ այդ մասին տեղեկացված չէ եւ իրեն այդքան էլ չեն հետաքրքրում ավագանու ընտրությունները:

Անդրադառնալով թիվ 35 ընտրատարածքում կայանալիք ընտրություններին, որտեղից պատգամավոր էր ընտրվել այժմ արդեն Գյումրիի նորընտիր քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը`  Շիրակի մարզպետը նշեց, որ ՀՀԿ-ական Արման Սահակյանի` թեկնածությունը առաջադրելու մասին ինքը չի լսել, երբ պաշտոնական առաջադրումը կլինի, կխոսի այդ մասին, իսկ առայժմ ձեռնպահ մնաց գնահատելու նրա` ընտրվելու շանսերը:

Աշոտ Գիզիրյանը նշեց, որ Գյումրիի նորընտիր ԲՀԿ-ական քաղապետ Սամվել Բալասանյանի հետ նորմալ աշխատելու են. «Որեւէ արտառոց բան չի լինի, ինչպես բոլորի հետ, այնպես էլ Բալասանյանի հետ»,- ասաց նա:

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Գյումրիի քաղաքապետ էր ընտրվել ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը: Թիվ 35 ընտրատարածքում կկայանա պատգամավորի ընտրություն, որտեղ իր թեկնածությունը առաջադրելու մասին հայտարարել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանը։

Ի դեպ,  մայիսի 6-ին կայացած ընտրություններում Արման Սահակյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր թիվ 34 ընտրատարածքում, սակայն պարտվել էր մրցակցին` ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին: