Սեւան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները, ինչպես սպասվում էին, անցել են բավականին լարված մթնոլորտում: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Նախ ընտրության մասնակիցների թիվը «գոռով-շառով» ապահովել են հիմնականում պետական գերատեսչությունների աշխատակիցները, կամ, ինչպես Սեւան քաղաքում են խոսում այս ընտրությունների մասին, Ռուդիկ Ղուկասյանին` Ուդոյին, քադաքապետ է դարձրել տեղի վարչական ռեսուրսը:

Դե իսկ Սեւան համայնքում քիչ թե շատ հայտնի թաղային հեղինակություններին, նույնիսկ ՀՀԿ-ի համակիրներին ու քաղաքի ակտիվիստներին, որոնց համար դեռ կարեւոր է գաղափարական պայքարը, սեպտեմբերի 23-ին մարզային իշխանություններր ողջ օրվա ընթացքում թույլ չեն տվել քաղաքում որեւէ կերպ դրսեւորվել ու գոնե ընտրությունների ընթացքին հետեւել` ասելով, որ ակտիվ հատվածը ճիշտ կանի այդ օրը ընտրական տեղամասերից իր իզն ու թոզը կորցնի:

Իշխանության կողմից միակ եւ պարտադրված թեկնածու Ռ. Ղուկասյանի օգտին չաշխատող որոշակի շրջանակների էլ պարզապես «մեսիջ» է ուղարկվել այն մասին, որ ավելորդ ակտիվություն ցուցաբերելու եւ ընտրությունները նախատեսված սցենարից շեղելու պարագայում վերջիններս կհայտնվեն իշխանությունների մանրազնին ուշադրության կենտրոնում, որն այնքան էլ լավ ավարտ չի ունենա ըմբոստացոդների համար: Թերթը հավելում է, որ մարզային իշխանությունների կողմից այդ օրը Սեւանի նախկին քաղաքապետների հարազատներին, այդ թվում նաեւ Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի` Մողեսի եղբոր դեմ օգտագործել են բոլոր հնարավոր միջոցները վերջինիս ոտքը Սեւանի ընտրատարածքներից հեռու պահելու համար: Կամ` ինչպես Սեւանում են որպես անեկդոտ պատմում. «Այս ընտրությունները հորով-մորով արեցին` շատերին տնային կալանքի տակ պահելով»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։