Այն, որ պատմամշակութային վայրերն ու սրբատեղիների բակերը հնուց ի վեր դարձել են առեւտրի իրականացման «ձեռնտու»  վայրեր, բոլորին է հայտնի: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, նման վիճակում է նաեւ Աղթալայի եւ Սանահինի վանական համալիրները, որտեղ մուտքից սկսած տեղի բնակիչները  փոքր սեղանների վրա վաճառում են իրենց ձեռքի աշխատանքները, սկսած գուլպաներից մինչեւ հուշանվերներ ու պահածոներ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Սանահինի վանական համալիրի բակում առեւտուր իրականացնողները պատմել են, որ իրենք էլ փորձում են այս կերպ հոգալ իրենց օրվա հացի խնդիրը. «Մենք մեր ձեռքի աշխատանքներն ենք վաճառում, հիմնականը արտասահմանից եկածներն են առնում, դե հայաստանցիներին էդքան էլ չի գերում մեր առաջարկածը, բայց պատահում ա, որ առնում-տանում են»-պատմել են նրանք: Նրանց փոխանցմամբ` չնայած իրենք երբեւէ չեն փորձել դրսից եկած հյուրերին շատ ավելի բարձր գին առաջարկել, քան ասենք հայաստանցիներին, սակայն պատահում են տուրիստներ, ովքեր առաջարկածից շատ են վճարում:

Ախթալայում սակայն «առեւտրի» բիզնեսը ծաղկում է ապրում հատկապես վանքում իրականացվող միջոցառումների, ինչպիսին էր օրինակ ավանդական դարձած խորովածի փառատոնի ժամանակ, որտեղ հազարավոր մարդիկ են այցելում, հիանում հայ մարդու ձեռքի աշխատանքով, ինչպես նաեւ լեռների մեջ պտուղ տվող բերք ու բարիքով:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի