Հայաստանում այս տարի հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է թունավորման 1877 դեպք` 1952 տուժածով, որոնցից զոհվել են 28, իսկ վիրավորվել` 1924 մարդ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ որում` թունավորումների մեծ մասը արձանագրվել է ալկոհոլից, ապա` դեղորայքից` համապատասխանաբար`684 եւ 413: Կենցաղային եւ արդյունաբերական քիմիական նյութերից արձանագրվել է թունավորման 278 դեպք, այլ աղբյուրներից` 192, շմոլ գազից` 159, սննդից` 132., բնական գազից` 19: Ամենաշատ մահվան դեպքերը արձանագրվել են կենցաղային եւ արդյունաբերական քիմիական նյութերից թունավորման հետեւանքով` 19 դեպք, ապա` սննդից`3, իսկ շմոլ գազից եւ դեղորայքից` 2-ական դեպք:
Իսկ նախորդ տարվա ընթացքում (հունվար-դեկտեմբեր) արձանագրվել է թունավորման 3739 դեպք` 3922 տուժածով, որոնցից զոհվել է 37-ը, վիրավորվել` 3885-ը: Թունավորումների մեծ մասը արձանագրվել է ալկոհոլից, ապա` դեղորայքից` համապատասխանաբար` 1104 եւ 958 դեպք: Ըստ վիճակագրության` դրան հաջորդում է այլ աղբյուրներից թունավորման դեպքերը, ապա` կենցաղային եւ արդյունաբերական քիմիական նյութերից` 544 դեպք: 2011թ-ի ընթացքում սննդից թունավորման 251 դեպք է արձանագրվել, իսկ բնական գազից` 56, շմոլ գազից` 201: Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա դրանք, նախորդ տարի եւս, ամենաշատաը արձանագրվել են կենցաղային եւ արդյունաբերական քիմիական նյութերից` 17 դեպք, շմոլ գազից` 10, դեղորայքից եւ ալկոհոլից` 2-ական դեպք:




























