Սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունների վերջնարդյունքները ամփոփելուց հետո վերին էշելոնում վերջնական տեսքի է բերվել «գնացող» մարզպետների ցանկը: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Ճիշտ է, այս պահին դժվար է ասել, թե երբվանից կարելի է այս որոշումը ուժի մեջ մտած համարել, բայց որ որոշ ինքնավստահ ու իրենցից գոհ մարզային ղեկավարներ իրենց պաշտոններից «թռնելու» են` դա հաստատ է: Որեւէ մեկը այլեւս անզոր է դառնալու նախագահականի ականջին որեւէ մեկի համար գեթ մի լավ խոսք շշնջալու, քանի որ հարցը շատ խիստ է դրված: Ավելին, երեկվա դրությամբ մարզպետների գործով հայտնի որոշ «կնքահայրերի», այդ թվում նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին ասվել է, որ մարզային իշխանիկների հարցում նրանք շատ սխալ «ստավկաներ» են արել եւ որ իրենց հաշվարկները բնավ չեն արդարացրել ՀՀ իշխանությունների հույսերը:

Նկատենք, որ կոնկրետ երկու մարզպետի անվան դիմաց նախագահականում մինուս են դրել, որոնց գնալու ժամկետները պարզ կդառնա հաշված օրեր անց: Իսկ բացի «մինուսավոր» մարզպետներից, ՀՀ իշխանությունների կողմից թիրախավորվել է նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը` Գիզիրը, ով սիրում է երկակի ստանդարտներով «խաղալ»: Գուցե սա էլ մեր գյուտարար վարչապետի փնթի աշխատանքների երկրորդ արա՞րքն է: Ի՞նչ իմանաս..»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։