Հայաստանում 2012թ հունվար-հունիս ամիսներին արհեստական եւ բնական ծագման ջրային ավազաններում արձանագրվել է ջրահեղձման 8 դեպք` 9 զոհով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից: Այս տարվա առաջին վեց ամիսներին դիակի հայտնաբերման 47 դեպք է գրանցվել, իսկ զենք, զինամթերքի հայտնաբերման` 8 դեպք: Պայթուցիկ սարքերի տեղադրման 6 ահազանգ է ստացվել, իսկ բնակչության շրջանում համաճարակի բռնկման մեկ դեպք է արձանագրվել` 13 տուժածով, զոհեր չեն եղել:
Ինչ վերաբերում է 2011թ, ապա նախորդ տարվա ընթացքում արհեստական եւ բնական ծագման ջրային ավազաններում արձանագրվել է ջրահեղձման 27 դեպք` 30 տուժածով, որոնցից մահացել է 20-ը, իսկ 10-ը վիրավորվել են: Դիակի հայտնաբերման 81, իսկ զենք, զինամթերքի հայտնաբերման 13 դեպք է արձանագրվել: Պայթուցիկ սարքերի տեղադրման 17 ահազանգ է եղել, իսկ բնակչության շրջանում համաճարակի 11 դեպք` 114 տուժածով:



























