ՀՀ կենտրոնական բանկն իր պաշտոնական կայքէջում տեղադրել է ֆինանսական ծառայությունների ոլորտում տնտեսական մրցակցության կարգավորման հայեցակարգը: Այն հաստատված է ՀՀ ԿԲ մարտի 19-ի որոշմամբ, սակայն մեզ անհայտ պատճառներով հրապարակվել է օրերս:
Գուցե այստեղ դեր են խաղացել հայեցակարգում առկա որոշ եզրակացություններ, որոնք, մեղմ ասած, օրենքներից չեն բխում:
Արդեն ներածությունում մի այսպիսի հետաքրքիր հարցադրում կա. արդյո?ք մրցակցությունը ցանկալի է համակարգային ճգնաժամների ընթացքում, քանի որ ճգնաժամային պայմաններում ֆինանսական ոլորտում շուկայում ծառացած յուրաքանչյուր խնդիր պետք է քննարկել ֆինանսական համակարգի կայունության լույսի ներքո:
Այս հարցադրումն ինքնին տարօրինակ է հնչում, քանզի ընդհանրապես պարզ չէ, թե ինչպես է մրցակցությունը խոչընդոտելու ֆինանսական կայունությանը, ու ընդհանրապես՝ ինչո?ւ չպետք է մրցակցություն լինի ֆինանսական հաստատությունների միջեւ; Հարցադրումը կարելի է նաեւ այլ կերպ հնչեցնել՝ ինչո՞ւ պետք է հայկական ֆինանսական հաստատությունները մշտապես գտնվեն բարձր շահութաբերությունների տիրույթում՝ ի վնաս իրական տնտեսության: Համենայնդեպս՝ բոլոր այն տեսակետները, որ համաշխարհային ֆինանսական համակարգում ճգնաժամի պատճառը բանկերի միջեւ ուժեղ մրցակցությունն է՝ սին են ու ընդամենը հետապնդում են խոշոր բանկերի շուկայական սխալ քաղաքականությունն արդարացնելուն:
Սակայն հետեւենք հայեցակարգում առկա մտքերին:
Նշվել է, որ ԿԲ-ն պատասխանատու է ֆինանսական համակարգի կայունության համար, ու այդ սկզբունքից ելնելով էլ իրականացնում է իր վերահսկողական գործառույթը (ռիսկերի վրա հիմնված եւ կանխարգելիչ վերահսկողություն); Սակայն ենթատեքստն այնպիսին է, որ ԿԲ-ն պարզապես անցանկալի է համարում այլ մարմինների կողմից ֆինանսական համակարգում վերահսկողական գործառույթի իրականացումը; Իսկ նման գործառույթ փաստորեն ունի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Այնուհետեւ որպես օրինակ նշվում է, որ ԿԲ-ն խրախուսում է միացումների եւ խոշորացման գործընթացը, իսկ մրցակցության մասին ՀՀ օրենսդրությունն այստեղ ենթադրում է խիստ կարգավորումներ, ինչն էլ իբր կարող է խաթարել ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը:
Իրականում ոչ մի խիստ կարգավորում էլ չկա, պարզապես օրենքը պարտադրում է հայտարարագրել այդ միացումներն այն դեպքերում, երբ կողմերից մեկն ունի գերիշխող դիրք: Բայցե ինչո՞ւ հայտարարգրումը պետք է խաթարի բանկի կամ ապահովագրական ընկերության գործունեությունը, պարզ չէ; Անգամ եթե գերիշխող դիրքի գնահատման հարցում ԿԲ-ի ու ՏՄՊՊՀ-ի միջեւ առկա են մեթոդական տարաձայնություններ, դա հիմք չէ գերիշխող դիրք գրավողների նկատմամբ լոյալ վերաբերմունք դրսեւորելու համար;
Հայեցակարգում առկա է դրույթ, ըստ որի՝ ապահովագրական շուկայում պարտադիր ապահովագրության նոր տեսակների ներդրումը կարող է խաթարել ազատ մրցակցությունը: Սոցփաթեթի ներդրումը ցույց տվեց, որ իրականում դա հնարավոր է, սակայն խախտումների բնույթն այնպիսին է, որ ԿԲ վերահսկողական դաշտից դուրս է; Օրինակ՝ կիրառվում են վարչական լծակներ այս կամ այն ապահովագրական ընկերության համար մրցակցային առավելություն ստեղծելու: ԿԲ վերահսկողական ծառայությունը երբեք չի կարող նման խախտումներ հետաքննել, քանի որ անբարեխիղճ մրցակցության հայտնաբերումն ունի որոշ առանձնահատկություններ, վերահսկողական ու ապացուցման մեխանիզմը բոլորովին այլ է;
Հատկանշական է, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում վաղուց են հրաժարվել ֆինանսական համակարգի համար «առանձնահատուկ» վիճակներ ստեծելուց, եւ ֆինանսական համակարգը ներառել են մրցակցային մարմինների կարգավորման դաշտ; Ի վերջո՝ հարեւան Վրաստանի իրավիճակը, երբ բանկային ակտիվների մեծ մասը կենտրոնացած են 2-3 բանկերի ձեռքում, ոչ մի լավ բան չի խոստանում; Ընդհակառակը՝ որոշ լուրջ բանկեր, այդ թվում՝ HSBC-ն դուրս եկան վրացական շուկայից հենց անարդար մրցակցության պատճառով: Բարեբախտաբար՝ Հայաստանի ֆինանսական շուկայում նման կենտրոնացումներ չկան, սակայն Հայաստանի ֆինանսական համակարգը որոշակիորեն արտոնյալ վիճակում է տնտեսության մյուս հատվածների համեմատ: Որքանո՞վ դա արդարացված է, ու արդյո՞ք դա հիմքեր չի ստեղծում անբարեխիղճ մրցակցության համար՝ ֆինանսական ռեսուրսների մատչելիության անհավասար պայմաններ ստեղծելով: Կամ որքանո՞վ արդարացված է բանկերի ու ապահովագրական ընկերությունների կողմից շուկայում մեծ մասնաբաժինների տիրանալը, ինչն ինքնին ֆինանսական անկայունության հիմք է:
Մեր եզրակացությունն այն է, որ մրցակցությունը ֆինանսական ճգնաժամի պատճառ չի կարող հանդիսանալ, սակայն այդպիսին կարող է հանդիսանալ ֆինանսական հաստատությունների ձգտումը դեպի բարձր շահույթների տիրույթ, ու չարդարացված ծախսերի կատարումը (բանկերի ղեկավարների գերբարձր աշխատավարձերն ու բոնուսները): Ընդհակառակը՝ մրցակցությունը գուցե եւ օգնի ֆինանսական համակարգը զտել անբարեխիղճ սուբյեկտներից, ինչն ի դեպ ճգնաժամի ընթացքում տեղի ունեցավ Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում:
Սամվել Ավագյան



























