Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը օրենսդրական նախաձեռնություն է առաջ քաշել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ: Սակայն ՀՀ կառավարությունը ներկա փուլում աննպատակահարմար է համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումը: Այդ մասին նշված է կառավարության եզրակացությունում, ինչը ամենայն հավանականությամբ կհաստատվի ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում:
ՀՀ արդարադատության նախարաարության գնահատմամբ՝ ՀՀ Ազգային ժողովին այլ պետության ճանաչման լիազորություն վերապահված չէ, իսկ ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ նախագահի հետ համատեղ:
Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցությունը արդեն երկրորդ անգամ է նման օրինագիծ մտցնում շրջանառության մեջ: Ռաֆֆի Հովհաննիսյանը 2007 թ. առաջարկել էր օրենսդրորեն ճանաչել ԼՂՀ անկախությունը, սակայն օրինագիծը մերժվել է քաղաքական մեծամասնության կողմից:




























