Հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երեւան» տոնակատարության միջոցառումներին ընդառաջ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել մայրաքաղաքի տոնական տեսքի արտաքին ձեւավորման եւ լուսավորման համապատասխան աշխատանքները: Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները:

Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ այս տարի «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների շրջանակում Երեւան կայցելեն աննախադեպ թվով օտարերկրյա պատվիրակություններ: Այդ օրերին Երեւանը կհյուրընկալի շուրջ 13 երկրների ավելի քան 100 պատվիրակների, այդ թվում մի շարք քաղաքապետերի:

Տոնակատարություններին ընադառաջ քաղաքապետը հանձնարարել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակ:

«Կոչ եմ անում, որ մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունները, մասնավոր ու պետական հիմնարկները եւ քաղաքապետարանի ենթակայության կառույցները, ինչպես նաեւ մեր բնակիչներն ակտիվորեն մասնակցեն շաբաթօրյակին: Քաղաքապետարանը կհոգա ու կապահովի  նաեւ անհրաժեշտ պարագաներով»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման, ինչպես նաեւ փոսալցման եւ ճաքալցման աշխատանքները: Ընթացող աշխատանքներին զուգահեռ վերականգնված է նաեւ 2000 գծամետր մայթեզրյա հատված: