Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները ավարտվում են նոյեմբերի 12-ին: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Դրանից հետո է միայն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ստանձնելու քաղաքապետի լիազորությունները: Սակայն վերջինս այլեւս չի ցանկանում այդքան սպասել եւ, մեր տեղեկություններով, երկրի բարձրագույն իշխանությանը խնդրել է քաղաքապետի պաշտոնն ավելի շուտ ազատել իր համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Վ. Ղուկասյանին պարտադրել են հոկտեմբերի 9-ին դիմում ներկայացնել եւ կամովին ազատել քաղաքապետի պաշտոնը: Սա, բացի քաղաքապետի պաշտոնը մեկ ամիս առաջ զբաղեցնելուց, Ս. Բալասանյանին հնարավորություն կտա, որպես Գյումրիի քաղաքապետ ընդունել հոկտեմբերի 9-ին Գյումրի ժամանող ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին: Բալասանյանը մտահոգություն ունի, որ Իվանովը կարող է գալ Գյումրի եւ շփոթության մեջ ընկնել, այդպես էլ չհասկանալով, թե ով է Գյումրիի քաղաքապետը` Վ. Ղուկասյանը, թե՞ Սամվել Բալասանյանը: Ի բարեբախտություն Բալասանյանի, մեր տեղեկություններով` Ղուկասյանը համաձայնվել է դիմում գրել»,- գրում է «168 ժամը»:





























