Հայաստանի ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող 18-ամյա Դ.Մ-ն ձեռքերով եւ աթոռակով հարվածներ հասցրել հրամանատարին: Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
18-ամյա Դ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 12.07.2012թ. ժամը 11:30-ի սահմաններում վիճաբանել է հրամանատար Գ.Պ-ի հետ, ձեռքերով եւ աթոռակով հարվածներ հասցրել վերջինիս, նրան պատճառելով մարմնական թեթեւ վնասվածքներ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 1-ին մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը` պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Դատական քննությունը նշանակվել է հոկտեմբերի 3-ին:





























