Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 26-ամյա Գ.Ք.-ին տարբեր օրերի իր մեքենայի մեջ նույն մարզի գյուղերից մեկի ձորում եւ գերեզմանոցի մոտ ոչ ավանդական սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 16 տարին չլրացած Օ. Կ-ի նկատմամբ:

Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը հոկտեմբերի 2-ին իրենց մոտ է վարույթ ընդունվել: Գ.Ք.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիս ամսվա վերջին Արմավիրի մարզի գյուղերից մեկի մերձակա ձորում` իր անձնական օգտագործման «Mitsubishi-Pajero-IO» մակնիշի ավտոմեքենայի մեջ, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն գյուղի բնակչուհի` ակնհայտ 16 տարին չլրացած Օ. Կ-ի նկատմամբ: Այսինքն` Գ.Ք-ը մեղադրվում է ՀՀ քր.օրի 141 հոդ. նախատեսված հանցանքի կատարման մեջ:

Բացի այդ, 2012թ. հուլիս ամսվա սկզբին գյուղերից մեկի գերեզմաններից ոչ հեռու գտնվող շինության մոտ կրկին սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել Օ.Կ-ի նկատմամբ:

Գ.Ք-ի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 141 հոդվածով`18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է գրավը: