Բեզոարյան այծի որսագողության համար սահմանված է տուգանք՝ 3 մլն դրամ, եթե որսը տեղի չի ունեցել պահպանվող տարածքում, եւ հնգապատիկ ավելի՝ եթե որսը պահպանվող տարածքում է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծի եւ գորշ արջի որսագողության դեպքին:
Գորշ արջի սպանության համար տուգանքը 1 մլն դրամ է, կամ հնգապատիկ ավելի, եթե որսը տեղի է ունեցել պահպանվող տարածքում: Ըստ Ա. Հարությունյանի՝ սեպտեմբերի 29-ի որսագողությունը տեղի է ունեցել Խոսրովի արգելոցի հարակից տարածքում:
Անդրադառնալով բնապահպանական կազմակերպությունների կողմից բնապահպանության նախարարության հասցեին հնչող մեղադրանքներին,Ա. Հարությունյանն ասաց, որ երբեմն ոչ մասնագիտական կարծիքներ են հնչում, սակայն վստահեցրեց, որ պատրաստ է համագործակցել եւ ներկայում էլ համագործակցում է բնապահպանական կազմակերպությունների հետ: Բնապահպանության նախարարը նաեւ հերքեց, թե պատրաստվում է հրաժարական տալ, թեեւ որոշ բնապահպանական կազմակերպությունների պահանջներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ի Խոսրովի արգելոցում անօրինակն որս կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանի նկատմամբ:




























