Պատասխանելով «168 ժամ» թերթի թղթակցի հարցին, թե` հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀԱԿ-ը որեւէ ազդանշան կամ աջակցություն է սպասում դրսի ուժերից, եթե նաեւ իրական համարենք այն լուրերը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բանակցում է ռոււսական իշխանությունների հետ` ռուսամետ ԲՀԿ-ի աջակցությունը ստանալու համար, իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը վերջերս մեկնել էր Մոսկվա, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն ասել է.

«Ես չեմ ուզում իր փոխարեն ինչ-որ հայտարարություններ անել: Համենայնդեպս նախորդ ժամանակաշրջանում իր հրապարակային ելույթներում բավական ակնհայտորեն երեւում էր, որ նա ռեւերանսներ է անում դեպի Ռուսաստան: Ձեր նշած գործչի (Լ.Զուրաբյան) կապը ռուսական ինչ-ինչ շրջանակների հետ նույնպես գաղտնիք չի եղել, եւ այդ այցելությունները Մոսկվա պարբերաբար են եղել: Թե ի՞նչ են խոսում այնտեղ, ի՞նչ են պայմանավորվում, Ձեզ համար գուցե հետաքրքիր է, բայց ինձ համար հետաքրքիր չէ (ծիծաղում է.- խմբ.): Այդ վեկտորի վրա հնարավո՞ր է ինչ-որ դաշինք ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի միջեւ, այդ էլ գաղտնիք չէ. ասել են, որ հնարավոր է: Տեր-Պետրոսյանը երկու թե երեք ելույթներ նվիրեց այդ թեմային, որտեղ բաց ձեւով ասաց, որ դա հնարավոր տարբերակ է: Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն պաշտպանի Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, շատ քիչ հավանական է: Հնարավո՞ր է, որ Կոնգրեսը պաշտպանի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, համարյա նույն հավանականությունն այդտեղ կա։ Ուրեմն, երեւի ինչ-որ մի այլ ձեւաչափ պետք է մտածեն։ Չմանրամասնեմ, թե ինչո՞ւ է դա անհավանական։ Ճիշտ է, ինչքան էլ այդպիսի անբարոյական երեւույթների հանդիպում ենք քաղաքականության մեջ, բայց, միեւնույն է՝ շատ արտառոց կլինի, եթե ՀԱԿ-ը պաշտպանի Ծառուկյանի թեկնածությունը։ Իսկ եթե Ծառուկյանը պաշտպանի ՀԱԿ-ի ներկայացուցչի թեկնածությունը, նույնպես արտառոց կլինի, որովհետեւ կստացվի, որ Կոնգրեսի թեկնածուն օլիգարխիայի թեկնածու է դառնում»»,- մեջբերում է «168 ժամը»: