Հայաստանի մի շարք մանկապարտեզներում կատարված ուսումնասիրությունների եւ դրանց շրջանակներում հայտնաբերված խայտառակ չարաշահումները մեկ անգամ եւս փաստեցին, թե որքան բացիթողի վիճակում են այսօր գտնվում մանկապարտեզները: Պարզվում է սակայն, որ մանկապարտեզներում լուրջ խնդիր է ոչ միայն երեխաներին տրամադրվող սննդի որակը, ալ նաեւ կան մանկապարտեզներ, որոնք չունեն հրդեհային անվտանգության գոնե մինիմալ պայմաններ: Այս մասին հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը:
Օրեր առաջ Լոռիի մարզխորհրդի ժամանակ մարզային հրդեհային տեխնիկական անվտանգության տեսչության պետի տեղակալ Արամ Մկրտչյանը մի շարք խախտումներ ներկայացրեց, որոնցից անմասն չմնաց նաեւ մանկապարտեզների վիճակը:
Արամ Մկրտչյանի փոխանցմամբ մարզային գրեթե բոլոր մանկապարտեզներում բացակայում են հրդեհային տեխնիկական առաջին անհրաժեշտության պարագաները, որոնք այսօր օդ ու ջրի պես են պետք. «Կան մանկապարտեզներ, որտեղ այսօր ճաշը եփում են սովորական ինքնաշեն պլիտայի վրա, ջուր չկա, ու եթե ես որպես միայն պաշտոնյա գործեմ, պետք է նույն պահին փակեմ այդ մանկապարտեզը ու թույլ չտամ գործել….»,-ասաց նա: Փաստորեն թե նույնիսկ հրդեհ բռնկվի, ապա մանկապարտեզների աշխատակիցները չեն կարողանա ժամանակին մարել կրակը՝ ջուր չունենալու պատճառով: «Ես հասկանում եմ` միջոցների սղություն ունեք, բայց ի՞նչ է նշանակում, երբ սենյակում հրդեհ լինի ու փոքր երեխան չիմանա ինչ անի, գոնե տարրական բաներ պետք է ունենաք: Սոցապ նախարարը իր ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցներին գրել ա, որ ինչ անհրաժեշտ ա ներկայացրեք, ես կապահովեմ»,- հավելեց նա: Ի դեպ, այս խնդիրը շատ է ավելի լուրջ է դրված գյուղական համայնքների նախակրթարաններում:




























