36-ամյա Հ. Պ-ն, սիրահետելով  հորեղբոր որդու նախկին կնոջը, հավատացրել էր, թե առաջիկայում պետք է ամուսնանա նրա հետ, արդյունքում հազարավոր դոլարներ է թալանել նրանից: Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

36-ամյա Հ. Պ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ. փետրվար ամսից հանդիպելով իր հորեղբոր որդու նախկին կնոջ Հ. Մ-ի հետ եւ վերջինիս հետ գտնվելով ինտիմ հարաբերությունների մեջ ,խարդախությամբ գույք հափշտակելու դիտավորությամբ նրան վստահեցրել է, որ բաժանվելու է իր կնոջից եւ իրենք ամուսնանալու են : Հետո կնոջը ցույց է տվել այն բնակարանը, որտեղ մասնավոր հիմունքներով կատարում էր շինարարական աշխատանքներ` ներկայացնելով ,որպես իր սեփականություն: Հ.Մ-ի մոտ վստահություն ձեռք բերելու նպատակով նրան հայտնել է, որ զբաղվում է մետաղների վաճառքով: 2012թ. փետրվար ամսվա վերջերին Հ.Մ-ին հայտնել է ,որ երկաթ տեղափոխելու եւ վաճառելու համար պետք է վարձատրի իր աշխատողներին եւ նրանից խնդրել է ոսկյա զարդերը` գրավադրել , որին Հ.Մ-ը համաձայնվել է: Այդ ընթացքում տղամարդը հանդիպել է նաեւ նրա ծնողների հետ:

Դրանից հետո նույն պատրվակով խաբեությամբ եւ Հ.Մ-ի վստահությունը չարաշահելով,նրանից վերցրել առանձնապես խոշոր չափերի` 3.830.000 դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդեր, 2 մլն 371 հազար 963 ՀՀ դրամին համարժեք 6050 ԱՄՆ դոլար,200 հազար դրամ գումար եւ խարդախությամբ հափշտակել: Բացի այդ Հ.Պ-ը 2012թ. հունիսի 1-ին Այնթապ գյուղում Հ.Մ-ի հետ կատարվածի վերաբերյալ վիճաբանել է վերջինիս հոր հետ,որի ընթացքում իր ձեռքին եղած փայտով դիտավորությամբ հարվածել է Ս.Մ-ի մարմնի տարբեր մասերին եւ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:

Քրեական գործ է հարուցվել 178 հոդվածի 3-րդ  մասի 1-ին կետով: Դատական քննությունը նշանակվել է հոկտեմբերի 10-ին: