Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, այսօր` հոկտեմբերի 9-ին շարունակվել է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության դեմ Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացրած հայցով դատական նիստը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի դեմ ներկայացված հայցի համար հիմք է հանդիսացել լրատվական գործակալության 2010 թ. նոյեմբերի 23-ին տպագրված հոդվածը:

Այն վերաբերում էր Հայաստանի քաղաքացի Հովհաննես Կաթրջյանին, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրել էր վերոնշյալ բժշկական կենտրոնին` իրեն խաբելու եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ, էժանագին սարք տեղադրելու մեջ: Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն էլ որոշել էր, թե NEWS.am-ը լուրջ հարված է հասցրել իր պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին եւ հայց է ներկայացրել դատարան՝ լրատվամիջոցից 2 միլիոն դրամ պահանջելով:

Այսօրվա նիստում դատարանը լսել է գործով վկա Հովհաննես Կաթրջյանին: Վերջինս հաստատել է, որ կայքում հրապարակված հոդվածում ներկայացվել են իր հայտարարությունները, նաեւ պնդել է իր ասածները: Վկան նաեւ նշել է, որ փաստի կապակցությամբ քրգործ է հարուցվել Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Ջամալյանի նկատմամբ, ով այժմ հետախուզման մեջ է: Կաթրջյանը նաեւ ներկայացրել է քրգործի շրջանակներում անցկացված բժշկական փորձաքննության արդյունքները, որոնցով արձանագրվել է, թե Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն ընդամենը 6 տարվա շահագործման ժամկետով սարք է տեղադրել: 

Դատական հաջորդ նիստը կայանալու է հոկտեմբերի 26-ին, ժամը 17:20-ին:

Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, Հովհաննես Կաթրջյանն ինքն էլ է հայց ներկայացրել կենտրոնի դեմ եւ մոտ 2 մլն դրամ գումար է պահանջում իրեն խաբելու եւ էժանագին սարքավորում տեղադրելու համար: Գործով համահայցվոր է նաեւ պաշտպանության նախարարությունը, որի պատվերով էլ Կաթրջյանին էլեկտրոկարդիոխթանիչ են տեղադրել:

Կաթրջյանի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 2011թ. դեկտեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):