ՀԱԿ-ում տիրող անորոշությունն ուղիղ համեմատական է ԲՀԿ-ում տիրող անորոշությանը: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ-ի աղբյուրները, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը մեծ հարցականի տակ է: Երեք տարբերակներից՝ Տեր-Պետրոսյանի առաջադրում, Օսկանյանի կամ Ծառուկյանի թեկնածու առաջադրվելու դեպքում վերջիններիս սատարում, ՀԱԿ-ից որեւէ մեկի առաջադրում, ոչ մեկն էլ ռեաբիլիտացիա չեն պարգեւելու իր ոչ լավ օրերն ապրող ՀԱԿ-ին, որին ռեանիմացիա էր անում ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ֆինանսական եւ շնչառական «ուղիներով»
Նախընտրելի տարբերակներից մեկը Օսկանյանին սատարումն էր, որի դեպքում համ ոչխարները ողջ կմնային, համ գայլերը՝ կուշտ: Ասել է՝ Օսկանյանի առաջադրման դեպքում հաստատ կլիներ նաեւ Ռուսաստանի «դաբրոն» (ինչն ուղղակի անհնար է, սակայն ՀԱԿ-ցիք ասում են՝ քաղաքականության մեջ չեն ասում՝ երբեք), Օսկանյանը համաժամանակյա կհամարվեր նաեւ արեւմտյան պակետ, եւ ՀԱԿ-ն արտաքին մասով դեմքը կորցնելու խնդիր չէր ունենա: Սակայն այդ ժամանակ կլինեին ներքին անհամաձայնություններ՝ մարտի մեկի առնչությամբ Օսկանյանից պահանջատիրության մասով: Էլ ավելի բարդ է Ծառուկյանին սատարելու հարցը՝ նույն մարտի մեկի, օլիգարխիկ «տնտեսության» եւ Քոչարյանի ազդեցության առումով: Սեփական թեկնածուով հանդես գալու խնդիրը ՀԱԿ-ում այս պահին ամենացավոտն է:
«Արեւմուտք-Հյուսիս» դիլեման ոչ մի կերպ այնտեղ չի լուծվում, գումարած՝ նախագահական ընտրությունների հետ կապված նոր պառակտում-քայքայում լինելու է, որովհետեւ ցանկացած որոշում, ինչպիսին էլ լինի, չի բավարարելու կողմերից որեւէ մեկին կամ մի քանիսին: Եվ վերջապես, գումարած շատ նուրբ մի հանգամանք, միանձնյա որոշումներ կայացնող Տեր-Պետրոսյանը ցանկանալու է անպայմանորեն իր ուզած թեկնածուին ժառանգել ՀԱԿ-ն ու իր սկսած գործը: Իսկ այդ թեկնածուն եղել ու մնում է Լեւոն Զուրաբյանը, որին ո՛չ Բագրատյանը, ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ ՀԱԿ-ի մյուս բեկորները «պրիզնատ» չեն գալիս: Նիկոլին էլ զուրաբյանական թեւը չի ցանկանա թեկնածու տեսնել: Այնպես որ, ՀԱԿ-ը կանգնած է ոչ թե նախագահական ընտրությունների, այլ լինել-չլինելու շեմին»,- գրում է «Իրատես de facto»-ն:




























