Էրեբունի-Երեւան 2794-ամյակի տոնակատարություններին ընդառաջ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է «Երեւան. հայացք ապագայից» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ` անցյալ դարի առաջին կեսի երեւանյան համայնապատկերներով: Ցուցադրված էին նաեւ ժամանակակից Երեւանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում էին մեր քաղաքի առաջընթացը, այդ թվում նաեւ խորհրդանշական համադրում ստեղծելով ներկայիս Երեւանից մայրաքաղաքի պատմական անցյալին հայացք ուղղելու տեսքով:
«Երեւան. հայացք ապագայից» խորագիրը կրող ցուցահանդեսը անց է կացվում միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակում: Այս անգամ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործընկերը Երեւան քաղաքի պատմության թանգարանն է:


























