Հոկտեմբերի 14-ին Հաագայի քաղաքապետարանի «Ատրիում» սրահում տեղի ունեցավ մանկական գրքի տարեկան տոնավաճառը, որով ավարտվում է մանկական գրիք շաբաթը Հոլանդիայում: Սրահը դարձել էր հանդիպման վայր հոլանդացի եւ այլ ազգերի մանուկների համար՝ միմյանց ճանաչելի դարձնելով իրենց կողմից կատարվող ազգային պարերի, երգերի ու ասմունքի միջոցով: Հոլանդահայ համայնքը եւս ներկայացել էր հոլանդացի հանդիսատեսին՝ «Աբովյան մշակութային միության» մանկական պարի խմբի պարային կատարումների եւ միության կիրակնօրյա դպրոցի սաների կողմից հայ բանաստեղծների գործերի հայերեն եւ հոլանդերեն կատարումով:

Միջոցառման ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: ՀՀ դեսպանը կարեւորեց գրքի ու կրթության դերը երեխաների դաստիարակության գործում: Նա նշեց, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը պատիվ ունի 2012թ.-ին կրելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսն, ինչն առիթ է դարձել եւս մեկ անգամ կարեւորելու գիրն ու գիրքը: Դեսպանը շեշտեց նաեւ, որ հայ ժողովրդի համար գիրքը միշտ սրբություն է դիտվել՝ հաճախ դառնալով ինքնության պահպանման գործոն: Եվ պատահական չէ, որ հայ ժողովուրդ հենց այս օրերին, որը հաճելիորեն զուգադիպել է Երեւան քաղաքի ծննդյան օրվան, տոնում է Թարգմանչաց տոնը՝ եզակի մի տոն, որը գալով դարերի խորքից, արժեվորում է գիրքն ու նրա ստեղծողներին: