Հունիսի 26-ին Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող իրենց տանը մետաղյա լարով կախվելու միջոցով ինքնասպան էին եղել հայր եւ որդի Գալուստյսնները: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Ոստիկանությունում հարուցված քրեական գործով նախաքննությունն ընթանում է, եւ ոչ մի նորություն չկա: Պարզվում է սակայն, որ որդի Գալուստյանը, որը դեպքից ընդամենը չորս օր առաջ էր դուրս եկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, այնտեղ եղել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խցակիցը եւ նրան պատմել է իր հետ տեղի ունեցած դեպքերի մանրամասները: Մեր ունեցած տեղեկություններով, քաղբանտարկյալը ինքնասպանության գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է եւ իր ցուցմունքում գրել է ինքնասպան եղած երիտասարդի կողմից իրեն հայտնած տեղեկությունները նրա վերաբերյալ քրեական գործում դատախազի եւ քննիչի ապօրինությունների մասին: Մինչ օրս Տիգրան Առաքելյանի ցուցմունքին որեւէ ընթացք չի տրվել, մինչդեռ դա կարող է բացահայտել 30-ամյա երիտասարդի եւ նրա հոր ողբերգական ինքնասպանության իրական պատճառները: Ըստ որոշ տեղեկությունների, քաղբանտարկյալ Առաքելյանը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ, եթե ինքնասպանություն գործած հոր եւ որդու գործը չուղարկվի ՀՔԾ եւ պատշաճ քննության չենթարկվի»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























