Այն, որ Վանաձորի քաղաքապետարանում կան պաշտոնյաներ, որոնք այս կամ այն առումով արդեն սպառված են եւ չեն կարողանումկատարել օրենքով իրենց տրված պարտականությունները, թերեւս վանաձորցիներից շատերին է հայտնի: Գաղտնիք չէ նաեւ այն, որ Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ու գլխավոր մասնագետների մեծ մասը զբաղված են նաեւ այլ աշխատանքով, որոնցով շատ ժամանակ զբաղվում են աշխատանքային ժամին՝ նույն այն ժամին, երբ պետք է լինեին քաղաքապետարանի իրենց բաժնում նստած՝ քաղաքացիներին սպասարկելիս:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ, այս խնդրին օրերս կայացած Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանականդրադարձ կատարեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «սպառված» պաշտոնյաներին առաջարկելով ինքնակամ հեռանալ, հակառակ դեպքում «Այն աշխատակիցները, որոնք այլ գործունեությամբ են զբաղվում, կամ աշխատանքից հանել, կամ այդ զբաղվածությունը վերացնել, չգալ քաղաքապետարան ու այլ գործերով զբաղվել…»:
Քաղաքապետ Սամվել Դարբինյանի վրդովմունքը թերեւս կապված էր հոկտեմբերի 3-ին քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի՝կաշառք վերցնելու փաստով մերկացվելու հետ: Սամվել Դարբինյանը անդրադառնալով նման դեպքերին, մեջբերեց հայտնի ժողովրդական խոսքը «Մի «ցռան» մոզին ողջ նախրի անունը գցում է, էդ ցռան մոզիներին մի թողեք այս համակարգ, 13 տարի ես աշխատել եմ, որ այդ մոզիները մեր մոտ չլինեն, բայց պարզվում է` կան»,-ասաց քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Հարկ է նշել, որ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների որոշակի մասը հենց Սամվել Դարբինյանի մտերիմներն են, ովքեր էլ բացի համայնքային ծառայող լինելուց, զբաղված են նաեւ իրենց բիզնեսով:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի




























