«Արմավիա» ավիաընկերությունը ամեն օր մարում է ընթացիկ պարտքերը եւ այսօր էլ գումար փոխանցել են «Զվարթնոց» օդանավակայանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Արմավիայից»: Իսկ թե ինչի չեն վերսկսվում չվերթների սպասարկումը եւ երբ այն կսկսվի, ապա խորհուրդ տվեցին դիմել օդանավակայանին: «Դա շատ վատ է անդրադառնում ուղեւորների վրա»,- հայտնեցին «Արմավիայից»` նշելով, որ իրենց բոլոր առավոտյան չվերթներն իրականացվել են:
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը այսօր` հոկտեմբերի 18-ի ժամը 11.00-ից դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե չվերթների սպասարկման վերականգնումը կախված է միայն ավիաընկերությունից, թե երբ քայլեր կձեռնարկեն պարտքերի նվազեցման ուղղությամբ: Երեկ «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել էր «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Սակայն «Արմավիան» փոխանցել էր 90 միլիոն դրամ եւ մինչեւ առավոտ «Զվարթնոցը» սպասարկել էր չվերթները::
Հիշեցնենք, «Արմավիայի» եւ «Արմենիա միջազգային օդանավակայանների» (որին պատկանում է «Զվարթնոց» օդանավակայանը) հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Մի քանի անգամ «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքները` պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելու համար, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել:




























