Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «ArmProd EXPO» ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում են սննդամթերք եւ խմիչքներ արտադրող հայրենական ընկերություններն ու մատակարարները: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ  ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ընկերությունների արտադրանքին եւ առաջիկա ծրագրերին:

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման ցուցահանդեսները նպաստում են նաեւ արտադրական բնագավառի զարգացմանը: «Մեր նպատակն է օժանդակել հայրենական ձեռնարկություններին իրացման նոր շուկաներ գտնելու գործում: Ցուցահանդեսին մասնակից որեւէ մի ձեռնարկություն չկա, որն իր ապրանքը չի արտահանում, եւ դա մեր գերակա ուղղությունն է: Մեր այցելած բոլոր տաղավարների ներկայացուցիչները նշեցին, որ այս տարի արտադրական ծավալների առնվազն 20 տոկոսի աճ են արձանագրել: Հանդիպեցինք նաեւ այնպիսի ձեռնարկությունների, որոնք արտադրական ծավալները կրկնապատկել են, բարձրացրել աշխատավարձերը եւ ավելացրել աշխատատեղերը»,- ասել է վարչապետը:  

Կառավարության ղեկավարը նշել է, որ ընթացիկ տարվա տնտեսական աճի շարժիչը գյուղատնտեսությունն է, որտեղ առկա է իրավիճակի որակական բարելավում, եւ կառավարության խնդիրն է առաջիկա տարիների ընթացքում  պահպանել զարգացման այդ տեմպերը:

Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ընկերություններին հանրությանը ներկայացնել իրենց արտադրանքի ողջ տեսականին, գտնել շահավետ գործընկերներ կամ ներդրողներ: