Երեւանի Զաքյան փողոցում սպանության գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր` հոկտեմբերի 19-ին կայացած նիստում մեղադրող Արմեն Աֆանդյանը միջնորդել է վերսկսել արդեն դատական վիճաբանությունների փուլում գտնվող դատաքննությունը: Մեղադրողը վերսկսված դատաքննությանը հրապարակել է իր որոշումը, որով հրաժարվել է ամբաստանյալ Վահրամ Մարգարյանին առաջադրված սպանության մեղադրանքից:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, սպանության եւ ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու վերաբերյալ ամբաստանյալ Վահրամ Մարգարյանին քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել միայն ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար:

Իսկ քրեական գործով ամբաստանյալ Բորիս Հակոբյանին քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում առաջադրված սպանությանն օժանդակելու եւ ապօրինի զենք ու ռազմամթերք պահելու մեղադրանքը փոփոխվել է եւ նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 104 հոդ. 1-ին մասով եւ 235 հոդ. 1-ին մասով` տուժող Խաչիկ Գալոյանին դիտավորությամբ կյանքից զրկելու եւ հրազեն ու ռազմամթերք ապօրինի պահելու համար:

Դատարանը մեղադրանքին ծանոթանալու նպատակով պաշտպանական կողմին ժամանակ տրամադրեց մինչեւ հոկտեմբերի 23-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ռուսաստանաբնակ գործարար Խաչիկ Գալոյանի սպանությունը տեղի էր ունեցել 2011թ. օգոստոսի 2-ին Երեւանի Զաքյան փողոցում: Դրանից հետո ձերբակալվել էին Բորիս Հակոբյանը, ում մեղադրում էին զենք ձեռքբերելու մեջ, եւ Վահրամ Մարգարյանին, ում մեղադրում էին Գալոյանին սպանելու մեջ: Վահրամ Մարգարյանը դատաքննության ընթացքում կտրականապես հերքել է իր մեղսակցությունը սպանությանը: Օգոստոսի 28-ին կայացած դատաքննության ընթացքում Մարգարյանը նշել էր, թե առհասարակ որեւէ կապ չունի սպանության հետ եւ դրա մասին իմացել է գործով մյուս ամբաստանյալ Բորիս Հակոբյանից, այն էլ այն բանից հետո, երբ նա մեղայականով ներկայացել էր ոստիկանություն: Բորիս Հակոբյանը Խաչիկ Գալոյանին կասկածում էր Տոլյատի քաղաքում իր որդու` Տիգրան Հակոբյանի սպանության մեջ:

Նշենք, որ Վահրամ Մարգարյանը Բուդաշեպտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է: