ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, եթե ինչ-որ բան թվում է, նա խաչակնքվում է:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` արձագանքելով լրագրողների հարցին, թե փուչիկների գործով դատավարությունը, իր կարծիքով արդար էր, թե ոչ : «Իմ մեկնաբանությունը դատական պրոցեսի մասին անիմաստ է: Ես ոստիկանապետ եմ եւ իմ խոսքը պետք է լինի չափված-ձեւված: Ինձ ինչ է թվում, անիմաստ հարց է: Եթե ինչ-որ բան  ինձ թվում է, ես խաչակնքնվում եմ:Արդար է, թե ո,չ դա իմ լուծելու խնդիրը չէ: Ես արել եմ այն, ինչ ես պետք է անեի: Ես գիտեմ ինչ ասեմ, բայց ես ասում են ճշմարտությունը»,- ավելացրեց Վլադիմիր Գասպարյանը:

Լրագրողների հարցին, թե ճիշտ է, որ ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու են, ոստիկանապետն ասաց.«Ու~ֆ, Աստված ձենդ լսի»: Դիտարկմանը, թե ասում են կրճատումների հաշվին ավելացրեց. «Ու~ֆ, Աստված էլի ձենդ լսի: Իհարկե, նազիր-վեզիրները պետք է կրճատվեն, բարեկամներին, ծանոթներին, որ բերել-լցրել են կաբինետներում, հաստիքներ են ավելացրել, որ իրենց շրջապատները, ցեղակիցները լինեն, նրանք պետք է ազատվեն: Նրանք ոստիկանի տեսակը չեն: Նրանք զբոսաշրջիկներ են, ցեղակիցներ են»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը եւ ավելացրեց, որ տարեսկզբին մոտ 200 նման կրճատում ունեցել են եւ ակնկալում է, որ մոտ այդքան էլ կրճատումներ կլինի: