ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան առաջիկայում կարող է նշանակվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան:
Ադրբեջանական «1news.az» գործակալությունը, հղում անելով ամերիկյան «American Weekly» պարբերականին, գրում է, թե առաջիկայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է Սենատի դատին ներկայացնել Ուկրաինայում եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի նոր թեկնածուներին՝ Ջոն Թաֆթին եւ Մեթյու Բրայզային:
Գործակալության տվյալներով, Ուկրաինայից հեռացած Ուիլյամ Թեյլորին կփոխարինի Ջոն Թաֆթը, որը 2005թ. հուլիսից ԱՄՆ շահերն ներկայացնում Վրաստանում: Վրաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելուց առաջ Թաֆթն աշխատել է որպես պետքարտուղարի օգնական՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի գծով: Իսկ Մեթյու Բրայզան այժմ զբաղեցնում է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնները:
Ի դեպ, չի բացառվում, որ ադրբեջանցիները հերթական անգամ ջուր են պղտորում:
«American weekly» շաբաթաթերթը կաթոլիկական պարբերական է՝ հիմնականում կրոնական ուղղվածությամբ, եւ այդ պարբերականի կայքում Բրայզայի կամ Թաֆթի մասին որեւէ հիշատակություն չկա, իսկ միայն Թաֆթի՝ Ուկրաինայում դեսպան նշանակելու հնարավորության մասին ուկրաինական «Լեվիյ բերեգ» թերթին ասել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Վլադիմիր Օգրիզկոն:




























