Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, անցնելով օրակարգային հարցերին, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է ՀՀ-ում ՏՏ ոլորտի վերջին զարգացումները: Մասնավորապես, նշվել է, որ ընթացիկ տարում 2011 թվականի համեմատ աճը կազմում է 25 տոկոս: Այս բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների թիվը նախորդ տարվա 281-ի փոխարեն հասել է 350-ի: Եթե 2011-ին ոլորտի շրջանառությունը կազմել է 200 մլն, ապա ակնկալվում է, որ այս տարի այն կհասնի 250 մլն դոլարի: Ենգիբարյանի խոսքով՝ ձեռնարկությունների ընդհանուր շրջանառության մեջ հավասարվել է տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունների կշիռը, ինչը նշանակում է, որ տեղական ընկերությունների շրջանում տեղի են ունենում լուրջ զարգացումներ:

Տեղեկացվել է, որ ներկայում ՏՏ ոլորտի արտադրանքի շուրջ 60 տոկոսն արտահանվում է հիմնականում ԱՄՆ, Հյուսիսային Ամերիկա, բարձրանում է նաեւ դեպի Եվրոպա արտահանման ծավալը: Ոլորտում նախորդ տարի աշխատել է 6 հազար 700 մասնագետ, իսկ ընթացիկ տարում այն կանցնի 7 հազար 800-ի սահմանը՝ ապահովելով 15 տոկոսի աճ: Ենգիբարյանի գնահատմամբ՝ ՏՏ բնագավառում մեր երկրի մրցակցային առավելությունները մարդկային կադրերն են, հետազոտական եւ նորարական ծրագրերը, բարձր է գնահատվում նաեւ պետության մասնակցությունը տարբեր նախագծերում: «Լուրջ զարգացումներ են սկսվել նաեւ մարզերում: Գյումրիում իրականացվում է Տեխնոպարկի ծրագիրը, Վանաձորում եւս զարգացման լուրջ ներուժ է առկա: Հայաստանում են տեղակայում իրենց հետազոտական ինստիտուտներն այնպիսի աշխարհահռչակ ընկերություններ, ինչպիսիք են՝ «Մայքրոսոֆթ»-ը, «Դե Լինք»-ը, «Նեյշնլ Ինսթրումենթս»-ը եւ այլք: Վերջինիս, ՀՀ կառավարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ էլ մեկնարկում է Ազգային ինժեներական լաբորատորիայի ծրագիրը՝ Ճարտարագիտական համալսարանում»,- ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը:

Անդրադառնալով Արցախում ՏՏ բնագավառի զարգացման միտումներին՝ Ենգիբարյանը տեղեկացրել է, որ այնտեղ ամերիկյան կապիտալով բացվել է երրորդ կազմակերպությունը, Տեխնոպարկի ձեւավորման համար էլ հատկացվել է համապատասխան տարածք: Ակնկալվում է, որ «Սինոփսիս» եւ «Թումո» կենտրոնները կտեղակայվեն նաեւ Արցախում:

Նիստի ընթացքում այնուհետեւ անդրադարձ է կատարվել «ԱրմԹեք-2012»  կոնգրեսի կազմակերչական հարցերին: Նշվել է, որ այն տեղի կունենա 2012թ.-ի դեկտեմբերի 10-11-ին՝ Սիլիկոնյան հովտում: Հատուկ շեշտադրում է կատարվելու համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հետ համագործակցությանը եւ նոր գաղափարների մշակմանը: Կոնգրեսին մասնակցելու են հյուրեր՝ ԱՄՆ-ից, եվրոպական եւ ասիական մի շարք երկրներից, Ավստրալիայից:

Ակնկալվում է, որ կոնգրեսի շրջանակում Սիլիկոնյան հովտում կբացվի հայաստանյան ներկայացուցչությունը եւ Intel ընկերության հետ կկնքվի Հայաստանում կենտրոն հիմնելու վերաբերյալ հուշագիր:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ խորհրդի աշխատանքներին վերաբերող ընթացիկ այլ հարցեր:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նաեւ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում՝ ծանոթացել վերջինիս զարգացման եւ ուսումնական ծրագրերին: