Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ այսօր` հոկտեմբերի 24-ին, այսօր, ի վերջո, անցել է դատաքննության փուլին եւ որոշում կայացրել սկզբում լսել տուժողներին, ապա վկաներին, ամբաստանյալներին, եւ վերջում ուսումնասիրել գործում առկա փաստաթղթերը եւ զննել իրեղեն ապացույցները: Դատարանի որոշումը վրդովեցրեց թե տուժող կողմի, թե ամբաստանյալների պաշտպաններին, որոնք առաջարկել էին նաւ հետազոտել ապացույցները, ապա անցնել տուժողներին լսելու:

Դատական նիստին բացակայում էին գործով անցնող տուժող բժիշկները, եւ ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին բերման ենթարկել նրանց: Դատավորը չբավարարեց նրանց միջնորդությունը, իսկ դատական նիստը նշանակեց հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից  մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի