ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու՝ Արտակ Գեւորգյանի կալանքը վերացվեց, եւ նա ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից: Դատավճիռը կայացվել է հոկտեմբերի 17-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատարանի նախագահ Հրաչյա Սարգսյանի նախագահությամբ: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դատարանը Արտակ Գեւորգյանին դատապարտել է 1 տարվա ազատազրկման եւ որոշել է  նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով եւ նրա վարքի նկատմամբ հետագա վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման Արմավիրի մարզային ստորաբաժանման վրա։ Գործով իրեղեն ապացույց ճանաչված եւ տուժող Վիրապ Գագիկի Ասեյանին ի պահ հանձնված «ՎԱԶ-2106» մակնիշի 13 ԼՏ 896 համարանիշի ավտոմեքենան թողնել Վիրապ Գագիկի Ասեյանին` ի տնօրինություն։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն եւ հայտնել, որ անհայտ անձը զենքի սպառնալիքով առեւանգել է իր «ՎԱԶ 2106»  մակնիշի ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 30-ամյա Արտակ Գեւորգյանը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի «ՎԱԶ 2106»  մակնիշի ավտոմեքենան եւ իջեցնելով վերջինիս ու նրա ուղեւորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել էր: Արտակ Գեւորգյանը ձերբակալվել է, այնուհետեւ կալանավորվել էր:

Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին  մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին,  Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն էին կատարել նրան պատկանող, Երեւան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ: