«Ես Դուբայում եմ, Գագիկ Ծառուկյանը Դուբայում չէ. ինքը Երեւանում է, ես մենակ եմ ըստեղ»,- երեկ «Հրապարակի» լրագրողին հեռախոսով ասել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ ի պատասխան այն հարցի, թե որտեղ է ինքը, եւ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն իր հետ կիրակի օրը մեկնել է Դուբայ: «Չէ, ես կիրակի եկել եմ, ըստեղ յոթ էրեխեքիս հետ եմ»: Իսկ այստեղ ասում են, թե Ծառուկյանի հետ եք սիրում Դուբայում հանգստանալ, իմա` քաղաքական որոշումներ կայացնել: «Կնոջս հետ եմ, հանգստանում ենք, ամսվա վերջին գալու ենք Հայաստան. ի՜նչ քաղաքական, ի՜նչ բան»: Սամվել Կարապետյա՞նն էլ այդտեղ չէ: «Չէ, էստեղ չէ»,- եզրափակեց նա:
«Հիշեցնենք, որ երեկ մամուլում գրել էին, թե Ծառուկյանը Դուբայում է, նրա հետ են նաեւ Սամվելներ Ալեքսանյանը եւ Կարապետյանը: Երեկ բոլորս տեսանք, որ Գագիկ Ծառուկյանն իսկապես Երեւանում է եւ Հովիկ Աբրահամյանի ու ՌԴ դեսպան Կովալենկոյի հետ Հայաստան-Ռուսաստան էքսպո-2012 ցուցահանդեսն է բացում: Դիմեցինք նաեւ Ծառուկյանի մամլո քարտուղարին՝ փաստորեն, ԲՀԿ առաջնորդը Երեւանում էր եւ ոչ արտերկրում, ինչպես երեկ հավաստիացնում էիք մեզ: «Ոչ, նա արտերկրում էր, այսօր առավոտյան եկել է, երեկոյան էլի գնալու է»,- ասաց Իվետա Տոնոյանը: Ո՞ւր է այդքան գնում-վերադառնում ԲՀԿ առաջնորդը, մամլո քարտուղարը «չէր կարող ասել»:
Նախորդ օրը մեր հարցին ի պատասխան, թե երբ է գալու արտերկիր մեկնած Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը խիստ ինքնավստահ ասել էր` 9-10 օրից: Երեկ նրանից եւս հետաքրքրվեցինք. այս ի՞նչ տարընթերցումներ են Ծառուկյանի՝ Երեւանում «լինել-չլինելու» շուրջ: «Միշտ էլ կարող են տեղի ունենալ ճշգրտումներ: Ես ընդամենը այս կուսակցության խոսնակն եմ, մեկնաբանում եմ մեր քաղաքական, պետական գործունեության հետ կապված հարցերը: Ընդսմին, կարող եմ նույնիսկ մի քիչ էլ թերի կատարել աշխատանքս, թող իմ կուսակցությունը դատի իմ աշխատանքի մասին»:
Սակայն, որքան էլ պարադոքսալ, Տիգրան Ուրիխանյանի աշխատանքը գնահատել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը. այսօր «Անի պլազա» հյուրանոցում նա կարժանանա «Ոճը եւ քաղաքական գործիչը» պարգեւին: Ինչ նկատի ունեն իտալացիները, թերեւս իրենք կասեն»,- գրում է թերթը:





























