Երեւանում երեկ բացվել է «Հայ-ռուսական էքսպո» ցուցահանդեսը, որի բացմանը ներկա են եղել Հայաստանում ՌԴ դեսպանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Կամ այլ կերպ ասած` բացմանը մասնակցել են Հայաստանում ՌԴ դեսպանները, որովհետեւ ըստ երեւույթին Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը Հայաստանի իշխանական համակարգում մնացել են Ռուսաստանի վերջին հույսը եւ հենասյուները: Չի բացառվում նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը պարզապես չի ցանկացել իր խնամուն մենակ թողնել ռուսների մոտ, որովհետեւ վերջիններս կարող էին Գագիկ Ծառուկյանին անհարմար հարցեր ուղղել վերջերս Օսկանյանի գործով ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ ունեցած նրա հանդիպման կապակցությամբ:

«...Դե ֆակտո հայտնի է, որ Աբրահամյանը ներկայումս իշխանության մեջ այն գործիչներից է, որի կշիռը սրընթաց նվազում է արդեն տեւական ժամանակ` սկսած այն պահից, երբ հայրենական մամուլում տեղեկություններ հրապարակվեցին նրա դավադրության մեջ ներգրավվածության բացահայտման մասին:

Այդ մասին մամուլում տեղեկություններ հրապարակվեցին դեռեւս խորհրդարանի ընտրությունից առաջ, երբ ձերբակալվեց նաեւ Մարգար Օհանյանը: Ըստ այդ տեղեկությունների` Սերժ Սարգսյանը բացահայտել էր քոչարյանական դավադրություն, որի մեջ ներգրավված է եղել նաեւ Հովիկ Աբրահամյանը: Հենց դրանով պայմանավորվեց նաեւ նրա հեռացումը ԱԺ նախագահի պաշտոնից` ՀՀԿ շտաբի պետ նշանակվելու պատճառաբանությամբ: Իհարկե, հետո Աբրահամյանը «հետողորմյա» եղավ, սակայն զուտ անվանական, սակայն ոչ կշռի իմաստով: Պարզապես Սերժ Սարգսյանի համար արդեն միանգամայն նպատակահարմար էր ամբողջությամբ խոցված ԱԺ նախագահ ունենալը:

Ըստ ամենայնի, Հովիկ Աբրահամյանը ներկայումս փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով կարգավորել իր իշխանական գործերը, իսկ նրան այս հարցում օգնում է խնամին` Գագիկ Ծառուկյանը, որն էլ իր գործերը կարգավորելու խնդիր ունի եւ բնականաբար ակնկալում է, որ եթե խնամի Հովիկը անձնական դիրքերը կարողանա ամրացնել, ապա դրանք կծառայեցնի նաեւ խնամու` Ծառուկյանի դիրքերի ամրացմանը:

Բնականաբար, այս մտահոգությունների բովում ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը չեն էլ մտածում պետության դիրքերի մասին, որոնց ուղղությամբ վերջին շրջանում նվաստացուցիչ գրոհներ են իրականացնում ռուսական իսթեբլիշմենթի տարբեր տրամաչափի ներկայացուցիչները, եւ առաջիններից մեկը այն դեսպանը, որի հետ խնամիները ժապավեն են կտրել երեկ»,- գրում է «Ժամանակը»։