Իհարկե, Հայաստանը բանկցությունների ընթացքում պետք է փորձի իրեն ավելի կոշտ պահել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին հրավիրված ասուլիսին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը խոսելով Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները մասին:
Բայց նրա խոսքով, նախ պետք է հասկանալ, թե կոշտ պահել ասելով ինչ նկատի ունենք: «Երբ կա բանակցային գործընթաց, կոշտ պահվածքի առնվազն երեք սցենար կա: Կոշտ պահվածք` բացելով ամբողջ փակագծերը ամբողջ հասարակության եւ համաշխարհային կարծիքի համար: Այսինքն` բաց կոշտություն: Երկորդ` կոշտ պահվածք` բանակցային գործընթացքում ցույց տալով բոլոր հիմքերը եւ այլն եւ այլն: Իսկ երրորդը դրա միքս տարբերակն է` եւ այնտեղ, եւ այնտեղ»,-ասաց Կարեն Բեքարյանը:
Նրա անձնական կարծիքով` մենք պետք է ունենք շատ կոշտ պահվածք դիվանագիտական խողովակի ներքո եւ մենք որոշակիորեն պետք է կոշտացնենք մոտեցումը ամբողջ դաշտում, բայց դա չպետք է լինի այն կոշտացումը, որը այս ամբողջ գործընթացքում ակնկալել է Ադրբեջանը: «Ադրբեջանի հույսը կայանում էր նրանում, որ իր վերջին քայլով Հայաստանը բանակցային գործընթացից ընդհանրապես դուրս կգար եւ դրանով ստանում էր շանս փորձելու իրականացնել այն, որին ձգտում են վերջին 7-8 տարին` փոխելու Մինսկի խմբի ձեւաչափը, բանակցային գործընթացը տանել, այլ մարմին եւ տապալման համար մեղադրել Հայաստանին»,- մանրամասնեց Կարեն Բեքարյանը: Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման վտանգին, փորձագետն ասաց, որ պատերազմի հավանականությունը զրոյական չէ, հետեւաբար մենք զգոն չլինելու իրավունք չունենք:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























