Ընտրություններից հետո իմ դեմ սկսել է շատ լուրջ սեւ PR, որը կազմակերպված է կոնկրետ մի տեղից` մի անձի կողմից:  Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով իր մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե իրեն հովանավորում են Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ գործարար Բարսեղ Բեգլարյանը: ԱԺ պատգամավորի կարծիքով` իր հովանավորներ ունենալու հարցը կոնկրետ մեկին չի թողնում, որ գիշերները հանգիստ քնի, չի թողնում, որ հանգիստ ապրի, եւ նա հոգեթերապեւտի կարիք է զգում:

Նրա խոսքով` այդ անձը ժամանակ առ ժամանակ` քառօրյայից քառօրյա, պատգամավորի համար «գտնում» է նոր հովանավորներ եւ հրապարակում նրանց անունները: Իսկ թե ով է Էդմոն Մարուքյանի PR-ն անում, արդյոք դա խորհրդարանական ընտրություններին իր մրցակից Վիկտոր Դալլաքյանն է, նա նշեց, որ չի ցանկանում ենթադրություններ անել: «Իրավիճակ է ստեղծվել, որ ես չեմ վճարում որեւէ մեկին, բայց իմ PR-ով զբաղվում են: Ես շատ գոհ եմ դրա համար, որովհետեւ սեւ PR-ն էլ PR է»,- ասաց նա` շեշտելով, որ այդպես իրեն օգնում են, քանի որ ինքը աշխատավարձով ապրող մարդ է եւ հնարավորություն չունի PR-ի համար մարդ վարձել, մինչդեռ «այդ մարդիկ ձրի իր PR-ն են անում»::

Ինչ վերաբերում է հովանավորներին, ապա Էդմոն Մարուքյանի խոսքով` »արդեն ում անունն ասես, որ չեն տվել»:  Անդրադառնալով Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ գործարար Բարսեղ Բեգլարյանի` իրեն հովանավորելու մասին տեղեկությանը, նա նշեց, որ այդ մարդիկ մեր քաղաքական դաշտում շատ հզոր մարդիկ են. «Ես Բեգլարյանի մասին եմ լսել, որ վարչապետների է հովանավորում, նախարարների է հովանավորում, դա արդեն ինձ համար մեծ պատիվ է, ի՞նչ ասեմ, որեւէ կերպ մեկնաբանություն չեմ տալիս, ծիծաղում եմ: Ամեն անգամ ինչ-որ մեկի մարդն եմ ես դառնում, ինչ-որ մեկը ինձ հովանավորում է, բայց ես Տաթեւիկ Մատինյանի մարդն եմ, ամուսինը, ուրիշ ոչ մեկի մարդը չեմ;  Հիմա Բարաք Օբաման է դարձել իմ հովանավորը, հպարտանում եմ, որ այդքան մեծ թափ ունեմ, նման հովանավորներ ունեմ: Գուցե մյուս ընտրություններին հովանավորեն` ավելի հեշտ ընտրվեմ, շատ դժվար էր այս անգամ»,- հեգնեց պատգամավորը: Նման տեղեկություններ տարածելու պատճառն, ըստ Մարուքյանի, այն է, որ որոշ մարդկանց գլխում չի տեղավորվում, թե ինչպես կարող է մեկը, չլինելով միլիոնատեր,քաղաքական որեւէ ուժի կողմից աջակցություն չունենալով, հաղթել իշխանության թեկնածուին: «Իմ հովանավորները գտնվում են թիվ 30 ընտրատարածքում եւ պետք չէ այդ մարդկանց փնտրել Երեւան քաղաքում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, իմ հովանավորները իմ ընտրողներն են` հազարավոր մարդիկ են, որոնք ընտրություններից հետո ավելի են շատանում»,- ասաց նա: Էդմոն Մարուքյանը վստահ է, որ այդպես փորձում են իրեն շեղել իր օրակարգից, օրենսդրական գործունեությունից, որպեսզի ինքը իր գործը թողնի եւ սկսի «զբաղվել այդ ապուշություններով, պատասխանել դրանց»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Էդմոն Մարուքյանի պաշտպանը միայն Աղվան Հովսեփյանը չէ. Նշվում էր, թե Մարուքյանին հովանավորում է Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, «ում հետ Մարուքյանր պարբերաբար հանդիպումներ է ունենամ եւ նրանից աշխատանքային գործունեության ցուցումներ ստանում: Պատգամավորն այս մասին իր շրջապատում խոսում է առանձնակի հպարտությամբ` տպավորություն ստեղծելով, որ իր «պրոտեժեն» միայն Աղվան Հովսեփյանը չէ: Նրանից բացի գոյություն ունի Ֆլեշի Բարսեղի գործոնը, որն անկախ պատգամավորի համար կարեւոր է այնքան, որքան մանդատը»,- գրել էր «Չորրորդ ինքնաիշխանությունը»: