Երեւանի տրանսպորտային նոր ծրագիրը, մեր տվյալներով, մտահոգության տեղիք է տվել երթուղիների տերերին։ Մայրաքաղաքում միկրոավտոբուսները կկրճատվեն 800-ով, իսկ ավտոբուսները կավելանան 300-ով։ Ճանապարհների անվերջ խցանումների հետեւանքով միկրոավտոբուսներն այժմեական չեն։ Երթուղիների տերերը դեռեւս չեն շտապում ավտոբուսներով համալրել իրենց ավտոպարկը։ Հիմնական պատճառը երթուղիների տարբերությունն է։

Միկրոավտոբուսները ծախսում են գազ ու նույնիսկ երկար երթուղիների դեպքում հեշտությամբ կարողանում են փակել վառելիքի ծախսերը։ Իսկ ավտոբուսների դեպքում ծախսվում է դիզելային վառելանյութ, որը մի քանի անգամ թանկ է գազից։ Իսկ ուղեւորները երկու դեպքում էլ վճարում են նույն 100 դրամը։

Երթուղիների տերերի բողոքներին մենք ծանոթ ենք վաղուց։ Երբ 2008 թ.-ին գազը  60 տոկոսով թանկացրին, միայն վարչապետի ջանքերի շնորհիվ ուղեվարձը պահպանվեց 100 դրամի սահմանում։ Մինչեւ հիմա գազն արդեն 2 անգամ թանկացել է, բայց նրանք դեռ դիմանում են ու հրաժարվում դիզվառելիքից։

Իսկ այն վարորդները, որոնք կանցնեն ավտոբուսների, մտադիր են ձեռք բերել բենզինով գործող շարժիչներ, քանի որ դրանք ավելի հեշտությամբ են վերափոխվում գազով գործող շարժիչի։ Իսկ միայն գազով գործող շարժիչը ավելի թանկ արժե։

Սակայն այստեղ անտեսվում են անվտանգության կանոնները։

Ինչ վերաբերում է երթուղիների երկար ու կարճ լինելուն ու անշահավետությանը, ապա դրանք լուծվող խնդիրներ են։