Նալբանդյանի արձանից ոչ հեռու` դատարկ շատրվաններից դեպի աջ, չորացած ծառերի կողքին տեղակայված է  «Սիրո արահետ» պանդոկը:  «Պանդոկ» ենք անվանում բարկությունից: Տեսնես ա՞յս ազատությունն էր գովերգում Նալբանդյանը:

Օղակաձեւ զբոսայգում  ապակեբետոնե հերթական կառույցի փլուզումից հետո, NEWS.am-ը որոշեց զրուցել Հայաստանի ճարտարապետների միության նախագահի հետ: Մկրտիչ Մինասյանը պատմում է, թե ինչպիսին պետք է լիներ  Օղակաձեւ զբոսայգին: Մինչ նորակառույցները, զբոսայգում կառուցված էին միայն Կամերային երաժշտության տունը եւ Շախմատի տունը: Իսկ ծառերի արանքում պետք է  տեղավորվեին ոչ թե քյաբաբանոցները, այլ հուշարձանները:

Օղակաձեւ զբոսայգում նախատեսվե՞լ էին արդյոք սկզբնապես որեւէ կապիտալ կառույցներ:

Սկզբնապես, այո: Քանի որ  այդ հրապարակները մեծ տարածություն են զբաղեցնում, այնտեղ  մի քանի խոշոր  կառույցներ են նախատեսված եղել` Կամերային երաժշտության տունը եւ  Շախմատի տունը: Սակայն դրանք այնպես են իրականացված, որ ծառերը գերակշռող էին: Տեղ էր թողնված նաեւ  մի քանի սրճարանների համար: Զբոսանքների համար նախատեսված լինելու իր հիմնական նպատակին այն արդեն ծառայել չի կարող:

Իսկ Կամերային եւ Շախմատի տների նախագծերի պետընդունման ժամանակ գնահատվե՞լ է արդյոք պուրակի հետ ներդաշնակությունը:

Իհարկե: Այդպես է  կառուցվել Կամերային երաժշտության տունը` շուրջբոլորը լողավազաններով: Շախմատի տունն էլ է իրականացվել որպես ոչ օտարածին կառույց: Հետո տեղադրվել էր  Փյունիկի շատրվանը: Նախատեսվել էր մի քանի սրճարան, իսկ վերջին տարիներին զբոսայգին լցվել է դրանցով: Դրանք պետք է ժամանակավոր լինեին: Մինչ այժմ պահպանվել են Դերենիկ Դեմիրճյանի հուշարձանի հուշաքարը, որն այդպես էլ չի տեղադրվել, եւ Առնո Բաբաջանյանի հուշաքարը, որն այլ տեղ է դրվել:

2000 թվականին Վահան Տերյանի հուշարձանն այդ շարքի՞ց է:

Այո, մեր մեծերի հուշարձանները պետք է այնտեղ հաստատվեն: Սակայն սրճարանները աստիճանաբար ավելացնում են իրենց բետոնե կարկասները: Հայտնվում են զբոսայգուն անհարիր շինություններ: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Դա արդեն հանգստի վայր չէ: 

Իսկ  ճարտարապետական միտքն ընդհանուր առմամբ թույլ տալի՞ս է ռեստորանային համալիրների շինարարություն կանաչ գոտում:

Մեծ այգում կարող է լինել մեկ կամ երկու հատ, սակայն ոչ այդքան զանգվածային: Օրինակ,  նրանցից մեկը փակել է Թումանյան փողոցը եզրափակող բոլորին հայտնի համաքաղաքային նշանակության շատրվաններից մեկի տեսանելիությունը: Այգու տեսքը չխաթարող ռեստորաններն ընդհանուր առմամբ կարող են  գոյություն ունենալ: Սակայն մեզ մոտ հակառակն է: Դրսից  ամեն ինչ պատերով է շրջապատված, ոչ թե կառույցների, այլ ամբողջական շենքերի: Ըստ հաստատված  կարգի` եթե որեւէ մեկն ստացել է 20 - 30 քմ տարածք սրճարանի համար, ապա նա էլ պետք է  իր տարածքի կանաչապատմանը հետեւի: Սակայն միշտ հակառակն է ստացվել: Սրճարանն աստիճանաբար ընդլայնվել է, ավելացրել իր բետոնե կարկասները, իսկ կանաչի համար տեղը քիչ է մնացել: 

Նորակառույցները չե՞ն վերացրել արդյոք այժմ  հուշարձանների ստեղծած մթնոլորտը: Իսահակյանի հուշարձանը տխուր օրինակներից մեկն է...

Իհարկե: Հուշարձանի կողքի ազատ տարածությունը ծավալային տպավորություն էր ստեղծում: «Ձեռքեր» քանդակի հետ ստեղծում էր մի ընդհանուր  համալիր: Այժմ այն փակ է ռեստորաններով եւ սրճարաններով: Ընդ որում մեկն սկսվում է մյուսի ավարտվելու տեղից, առանց ընդհատումների: Օրինակ` Պուշկինի անվան դպրոցի դիմաց: 

Ի դեպ, արդյոք մեզ մոտ գործո՞ւմ են սահմանափակումներ դպրոցների շրջակայքում ոչ մանկական  շինությունների առումով, ինչպես օրինակ ռեստորանները եւ սրճարաններն են:

Ընդհանրապես ընդունված են նման կանոններ, եւ մեզ մոտ դրանք գործում են, սակայն այս դեպքում չեն  կատարվում:

Ընդհանուր առմամբ, հնարավո՞ր է վերադարձնել զբոսայգու կերպարը:

Մի շարք դեպքերում` այո: Դժբախտաբար այժմ այն լավ վիճակում չէ, սակայն հուսով եմ, կգա ժամանակ, եւ  այն կծառայի իր գլխավոր նպատակին:

Զրուցեց Արամ Գարեգինյանը