Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական ներկայացուցչական ժողովի նոյեմբերի 3-ի նիստին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերի, ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե նիստին ՀՀ նախագահի ներկայությունը ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոսելով եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին` Վեհափառ Հայրապետը նշեց. «Այս բարեպատեհ առիթով Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ եւ Ձեր գլխավորությամբ հայրենի իշխանություններին մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանն աջակցելու, ըստ ամենայնի եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը զորակցելու եւ շարունակական ուշադրության ու սատարումի համար, որ ցուցաբերում է հայրենի պետությունը` հանուն մեր Սուրբ Եկեղեցու պայծառության եւ շինության: Գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես աջակից է նաեւ Սփյուռքի մեր թեմերի գործունեությանը` հատկապես դիվանագիտական ծառայությունների աշխատակիցների միջոցով, ովքեր իրենց կարեւոր առաքելությանը զուգահեռ բարի գործակցությամբ մեծապես սատար են լինում թեմերի հոգեւոր-եկեղեցական առաքելությանը»:
Անդրադառնալով ժողովին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ Թեմական ներկայացուցչական ժողովը համաեկեղեցական իր ընդգրկվածությամբ բարի արդյունքներ արձանագրելով` անպատճառ կծառայի հայ ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը: Վերջում Նորին Սրբությունը իր բարեմաղթանքը եւ օրհնությունը բերեց ՀՀ նախագահին` հայցելով, որ Աստծու ամենախնամ Սուրբ Աջը մշտապես հովանի լինի մեր Հայրենիքին եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Այնուհետեւ ժողովականներին ուղերձով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «...Կասկածից վեր է, որ ներկա ժողովը, եւ ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջ գործունեությունը, միայն կրոնական կազմակերպության հարց չէ, այլ ունի համահայկական ընդգրկում եւ նշանակություն. ավելին՝ մեզ համար այն ունի նաեւ մշակութային, ազգապահպան եւ քաղաքական նշանակություն: Սա պատմականորեն ձեւավորված իրողություն է», - ողջույնի իր խոսքում նշեց ՀՀ նախագահը` ընդգծելով, որ այսուհետ եւս եւ ավելի մեծ չափով Հայ Առաքելական Եկեղեցին կարող է ակնկալել հայոց պետականության համակողմանի աջակցությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ժողովի օրակարգին, նշեց. «Այստեղ քննարկվող հարցերն իսկապես օրախնդիր են: Բոլորիս ցանկությունն է ավելի մոտ լինել մեր ժողովրդին, նրա հոգսերին ու ցավերին, պատասխաններ գտնել նրա հարցերին, որովհետեւ ժողովրդի ակնկալիքները Մայր Եկեղեցուց շատ մեծ են: Սա արդյունք է դարերով վաստակած անվերապահ հեղինակության...»:
Իր խոսքում ՀՀ նախագահն ի մասնավորի խոսեց նաեւ սիրիահայության խնդիրների մասին` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը եւ ընդգծելով, որ այս առնչությամբ անելիքներ ունեն ամենքը` եւ Եկեղեցին, եւ պետությունը, եւ Սփյուռքի համայնքները:
Նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց նաեւ ժողովականների հարցերին:





























