Մարզերի համաչափ զարգացման ծրագրով ՀՀ պետական բյուջեից Լոռիի մարզին ընդհանուր առմամբ հատկացվել է շուրջ  3մլրդ 578 մլն  դրամ: Գումարները հատկացվել են 3 փուլերով: Բոլոր փուլերով նախատեսված աշխատաքները գրեթե ամբողջությամբ ավարտված են: Մնացել են  միայն զրոյական  կառուցվող շինությունների ներքին հարդարման աշատանքները, որոնք էլ մինչ տարեվերջ կավարտվեն: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի փոխանցմամբ իրականացված աշխատանքներում շինարարական նորմաներին հակասող թերություններ իրենց եւ տեխնիկական հսկիչների կողմից չեն հայտնաբերվել: 3 փուլերով հատկացված գումարներով իրականացվել են տարբեր աշխատանքներ մարզի բոլոր համայնքներում: Նշված միջոցներով իրականացրած աշխատանքների ամբողջական ցանկը չթվարկելու համար նշենք, որ իրականացվել են բազմաբնակարան շենքերի տանիքների ու վերելակների, խաղահրապարակների ու բակերի բարեկարգման, ինչպես նաեւ հանրակրթական ու նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգումներ, համայնքային կենտրոնների կառուցումներ ու նմանատիպ բազմաթիվ աշխատանքներ: Նախատեսված օբյեկտների  շինարարական աշխատանքներն իրականացրել են 40 շինարարական կազմակերպություններ: Տեխնիկական հսկողությունն իրականացվել է 5 կազմակերպության կողմից: Օբյեկտների շինարարական աշխատանքների ատարմանը ներգրավվել են շուրջ 960 աշխատակիցներ:

Արմեն Ջանազյանը խոսելով ծրագրից, անբարեխիղճ քաղաքապետերին ու գյուղապետերին  եւս մեկ անգամ կոչ արեց կառավարության կողմից իրականացված աշխատանքները չվերագրել  իրենց: «Նախընտրական շրջանում քաղաքապետերը կառավարության կողմից կատարված աշխատանքները ներկայացնում էին, թե իրենք են արել իրենց միջոցներով, բայց նշված աշխատանքները իրականացվել են պետական միջոցներով, իսկ համայնքապետերը թող թոզ չփչեն իրենց բնակիչների աչքերին»,-ասաց նա: Նշենք, որ ըստ Ջանազյանի, սա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախորդ նախագահական ընտրություններից առաջ տրված  նախընտրական խոստումն էր մարզերի համաչափ զարգացման ծրագրով, որը հաստատվել է ՀՀ առավարության որոշմամբ: