Ազգային ժողովում երկուշաբթի օրվանից` քառօրյայի մեկնարկը սկսելուն պես, ամբողջությամբ ջեռուցումը ապահովված կլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները ԱԺ-ի վերանորոգման աշխատանքների, ջեռուցման հետ առաջացած խնդիրների վերաբերյալ:
Թեեւ ընդունված է, որ ԱԺ-ում ջեռուցումը միացվի նոյեմբերի 15-ից, բայց այն այսօրվանից միացվել է` հաշվի առնելով եղանակային փոփոխությունները:
«Մի շաբաթ առաջ փորձարկումները ամբողջությամբ կատարվել են, քանի որ եղանակները փոխվեցին, ապա այսօր առավոտյան ջեռուցումը միացվեց եւ քանի որ երկուշաբթի քառօրյան սկսվում է, ընդհանուր ջեռուցումը ապահովված կլինի»,- ասաց Գուրգեն Դումանյանը:
Մեկնաբանելով տենդերը շահած ընկերության կողմից աշխատանքները դանդաղ կատարելու մասին լուրերը` նա նշեց, որ ընկերությունը սահմանված կարգով հաղթել է մրցույթում, պայմանագրով նախատեսված ժամկետներում ավարտել է աշխատանքները, համապատասխան կատարողական ակտերով աշխատանքը հանձնված է, որեւէ խնդիր չկա:
Գուրգեն Դումանյանի խոսքով` կաթսայատունը փորձարկելու ժամանակ ջրի արտահոսքի պատճառով վնասվել էր ոչ միայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի սենյակը, այլեւ մի քանի այլ սենյակներ, բայց արդեն ամբողջը վերացվել է:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ խորհրդարանում արդեն 6 ամիս ընթանում են ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքներ: Միակ գործընթացը, որ շատ արագ տեղի ունեցավ` երկաթյա թափոնի տարհանումն էր ԱԺ-ից:
«ԱԺ-ում շատ դժգոհ են աշխատանքի տեմպերից, սենյակներում ցուրտ է, ջեռուցման համակարգը չի գործում, որովհետեւ տենդերը «շահած» կազմակերպությունը դանդաղ է աշխատում. աշխատանքներում ներգրավված են շատ քիչ թվով մարդիկ, որպեսզի «շահած» գումարից մեծ շահույթ մնա աշխատանքներն իրականացնող ընկեր Արմենին, որն էլ ոչ միայն ընկեր Համիկի` ԱԺ գործերի հայտնի կառավարչի, այլեւ Հովիկ Աբրահամյանի մտերիմն է»,- գրել էր թերթը:





























