«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների հետ հանդիպումից անմիջապես հետո ԲՀԿամոլ ՀԱԿիստ Լեւոն Զուրաբյանը նշել է, թե չի կարելի բացառել, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ունենան նախագահի միասնական թեկնածու։ Իսկ թե ի՞նչ է մտածում այս մասին ԱԺ ՀԱԿ ԲՀԿատյաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պարզեցինք վերջինից, գրում է «Իրավունք թերթը»։

«- Այս պահին ես որեւէ մեկնաբանություն չունեմ մինչեւ հայտարարություններին չծանոթանամ ու չհավաստիանամ։

-ԲՀԿ-ի՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկը հնարավո՞ր է բերի ՀԱԿ-ԲՀԿ սերտ համագործակցության։

- Կառավարման համակարգի շուրջ ես Հայ ազգային կոնգրեսում տրամադրությունները գիտեմ, բայց ՀԱԿ-ն այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացրել։ Համենայն դեպս, մեր օրակարգում նման հարց չի եղել։

- Իսկ Դուք ի՞նչ տրամադրվածություն ունեք խորհրդարանական կառավարման համակարգի հետ կապված։

-Եթե մենք խոսում ենք ընդհանրապես կառավարման համակարգերի մասին, եկեք նայենք միտումները, թե ինչ է տեղի ունենում։ Մեր հարեւան Վրաստանը անցնում է խորհրդարանական համակարգի, Թուրքիան՝ նախագահական։ Իսկ մենք, կարծում եմ, այսօր պետք է ընդհանրապես խոսենք ոչ թե կառավարման համակարգի, այլ երկրում ժողովրդավարություն հաստատելու մասին։ Եթե քննարկենք՝ խորհրդարանական համակա՞րգն է լավը, թե՞ նախագահականը, մեր երկրի առաջ ծառացած պրոբլեմների առումով շատ դժվար կլինի այդ հարցի պատասխանը գտնել։ Օրինակ՝ Հիտլերին խորհրդարանական համակարգի ծնունդ կարող ենք համարել, ի վերջո նա այդ համակարգով է եկել Գերմանիայում իշխանության։ Ըստ էության, չնայած սահմանադրական միապետություն էր, բայց Ֆրանկոն էլ է նույն խորհրդարանական համակարգով դարձել բռնապետ։ Այնպես որ, դեռ պետք է քննարկել»,- մեջբերում է «Իրավունքը»։