NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ` նոյեմբերի 15-ին, ժամը 14.51-ի սահմաններում, Դավիթաշենի կամրջից ցած նետված Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 144 տան բնակիչ 21-ամյա Տիգրան Քեչյանի մասին: Նրա համագյուղացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ դեպքի օրը` առավոտյան, նա մորը ասել է, թե «գումար տվեք` գնամ Հյուսիսային պողոտա` սուրճ խմեմ, գամ», անձնագիրը դրել է գրպանը եւ գնացել: Նրա համագյուղացիները զարմացել են` լսելով դեպքի մասին, քանի որ, ինչպես իրենք են ասում, «նա նորմալ ընտանիքի զավակ է, ընտանիքում խնդիրներ երբեւէ չեն եղել»:
Գյուղում շրջանառվող խոսակցությունների համաձայն` երիտասարդը հոգեկան շեղումներ ուներ, ինչ էլ հնարավոր է նրա` ինքնասպանություն գործելու պատճառ է եղել:
Տիգրան Քեչյանը ամուսնացած չէր: Ծառայել է բանակում, մեկնել Ռուսաստան` արտագնա աշխատանքի եւ այնտեղից վերադարձել է վերջերս: Ընտանիքում նա ավագն էր, ուներ եղբայր, ով այս տարի է ավարտել դպրոցը: Երիտասարդի մայրը չի աշխատում, հայրը բանվոր է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Դավթաշենի կամրջից մարդ է նետվել: Դեպքի վայրում են գտնվել ԱԻ արձագանքման խումբը եւ «1-02», «1-03» ծառայությունների աշխատակիցները: Դեպքի վայրում հայտնաբերվել էր Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 144 տան բնակիչ, 21-ամյա Տիգրան Քեչյանը:




























