Չեմ թերագնահատում որեւէ թեկնածուի հնարավորությունները: Մեր կողմից փորձում ենք ապահովել  փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը։

Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները թիվ 1 ընտրատարածքում: 

Բավական բարձր: Թիմը աշխատում է շատ արդյունավետ, մեզ սատարում է  համակիրների  մեծ  բանակ, ինչը  մեր հնարավորությունները  օբյեկտիվորեն   բարձր գնահատելու վստահություն է  տալիս:  Կարող եմ միանշանակ ասել, որ  ընտրությունների արդյունքը   լինելու է  համոզիչ հաղթանակը: 

Թեկնածուներից ո՞ւմ եք  իսկական ու լուրջ մրցակից  համարում:

Չեմ թերագնահատում որեւէ թեկնածուի հնարավորությունները: Մեր կողմից փորձում ենք ապահովել  փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտ:  Ընտրական մրցակցությունը անհրաժեշտություն է եւ, իհարկե,   ենթադրում է  ապահովել որոշակի կանոններ: Ես  բացառապես  քաղաքակիրթ, օրինական  մրցակցության կողմնակից եմ:

Պետք է նշեմ, որ ընտրությունը  ինձ համար ինքնանպատակ չէ եւ ոչ էլ  մրցասպարեզ, այլ ճանապարհ օրենսդիր դաշտում աշխատելու համար: Ես  վստահության   քվե եմ խնդրում ժողովրդից  եւ  պարտավորություն եմ  վերցնում աշխատելու  բոլորի համար,  ընտրատարածքի բոլոր ընտրողների համար՝ անկախ այն հանգամանքից կողմ են քվեարկելու, թե ոչ:

Ի՞նչ միջոցներով եք  պայքարելու,  շահելու հասարակության սերը:

Ինչպես արդեն նշեցի, նախընտրական քարոզչության առաջին օրվանից  պահպանում ենք   թափանցիկ ընտրապայքարի  բոլոր ընդունված պայմանները:

Ինչ վերաբերում է հասարակության սերը շահելու հարցին՝ ես համոզված եմ, որ մեր ընտրողները կարող են տարանջատել զուտ սիրաշահելու համար տրվող պոպուլիստական խոստումը , եւ  իրատեսորեն գնահատել աշխատանքի նպատակադրվածությունը: Ժողովուրդը վստահության քվե  տալով ոչ միայն սպասելիքներ է ձեւավորում,  այլեւ պահանջում է համապատասխան աշխատանք: Ես իմ ընտրողներին ներկայացնում եմ, թե ինչի համար եմ պայքարում եւ ինչի դեմ եմ պայքարում: Եվ որ ամենակարեւորն է, իմ  ընտրողների համար  ձգտում  եմ լինել  բաց ու մատչելի պատգամավոր, ում հետ համագործակցելով հնարավոր կլինի հետամուտ լինել հասարակությանը հուզող խնդիրների լուծմանը: 

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված մեկ այլ թեկնածուն` Ստեփան Սաֆարյանը, ահազանգեր է հնչեցնում թույլատրված ընտրախախտումների մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ահազանգերը:  

Այդ  ահազանգերը իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Եվ համոզված չեմ, որ նման մեթոդներով կարելի է ավելին  շահել, քան այն  ինչ կա:

Քարոզարշավը ընթացքի  մեջ է,  եւ ես կուզեի ի սկզբանե բացառել ընտրությունների արդյունքների կանխորոշված լինելուն վերաբերող բոլոր տեսակի խոսակցությունները: Մեր թիմը  անում է ամեն ինչ   արդար ընտրությունների կայացումն ապահովելու համար: Հավատանք, որ ունենալու ենք մաքուր եւ արդար ընտրություններ: